Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/103

Այս էջը սրբագրված է

Շաբաթ չանցնիր, որ հարսնիք չըլլա, օր չանցնիր, որ կնաթողություն չըլլա ։


Ամուսնության ազատությունը ուզածնուս պես կը վայելենք կոր․ ա՛լ ասկեց անդին ազատություն չի կրնար ըլլալ։


Օրինակի համար, այսօր կը կարգվիս, քանի մը շաբաթ անցնելուն պես կնիկեդ կը բաժնվիս (կ’ուզես պաշտոնապես բաժանվե, կ՚ուզես ոչ պաշտոնապես, երկուքն ալ միևնույն բանն Է)։ Կնիկեդ բաժնվելեդ ետքը կը նայիս, որ Էրկընեն զատված կնիկ մը կա․ անոր քովը կ՚երթաս և պսակով մը կ՚ամուսնանաս հետը գաղտնի։ Երբ կը տեսնես, որ ամուսնությունդ իմացվեցավ, շուտ մը քովեն կը հեռանաս և ուրիշի մը հետ կը կպսակվի։

-Ի՞նչ կ’ըսես, Դատաստանական խորհուրդը բան մը չսե՞ր կոր։


- Բան մը ըսելու կը պատրաստվի կոր։


- Ի՞նչ պիտի ըսե արդյոք։


- Պիտի ըսե,որ ամուսիններն իրարու հետ սիրով վարվին․ և անանկ շաբաթը անգամ մը կարգվելու չելնեն։


- Ի՞նչ կ՚ըսես․ շաբաթը անգամ մը կը կարգվի՞ն կոր։


- Այո՛։


- Պաշտոնապե՞ս։


- Ո՛չ.


- Զավակները հապա՞։


- Անոնք ալ ոչ պաշտոնապես զավակ կ’ըլլան կոր։


- Ասոր վերջը ո՞ւր պիտի երթա։


- Սկիզբն Սկյուտարեն եկավ, բայց վերջինն ուր երթալիքը չեմ գիտեր։


- Ատանկ ըլլալեն ետքը, ես ալ կնիկես կը բաժնվիմ և ուրիշի մը հետ կը կարգվիմ։


- Ինչո՞ւ կեցեր ես, Պատրիարքարանը սա պսակող Չիլինկիրյան վարդապետը չգտած՝ գնա՛ կարգվե, վերջը կը զղջաս։


- Պատրիարքարանը Չիլինկիրյանը փնտրելու ետևե՞ է։


- Այո՛, չգտնալու ալ ետևէ է։


- Անանկ է նե երթամ այս գիշեր կնկանս հետ կռիվ մը ընեմ, որ զատվելու փաստ մը ունենամ։


- Երթաս բարով։


Ահավասիկ ամենուն ալ խոսածը ասոնց պես խոսքեր են, կը հուսանք, որ Պատրիարքարանը կ’աշխատի վերջ տալ այս տեսակ խոսակցությանց։