Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/14

Այս էջը սրբագրված է

Ե. Ուրբաթ օրը Պատրիարքական փոխանորդը փոխադարձ այցելություն տվեր է հունաց Պատրիարքարանը։

Զ․ Շաբաթ օրը դարձյալ Պատրիարքական փոխանորդը այցելության գացեր է պուլղարաց էքզարքարանը։

Շաբաթը լմնցավ, օր չմնաց որ ասորվոց ալ այցելություն մը տայինք, եթե շաբաթը ութ օր ըլլար աս այցելությունն ալ կը տրվեր։

է՜հ, միմիայն շնորհավորության գործը կատարելու համար օր մը կը պակսի կոր. մինչդեռ ուրիշ գործեր տեսնելու համար տարվույն բոլոր օրերն ավելի կուգան կոր։

Հիմա պիտի հարցվի մեզ, թե Պատրիարքարանը շնորհավորության պարտքը կատարելու չէ՞ր։

Մեր ըսելիքը աս չէ, մենք կուզենք հասկցնել, թե Պատրիարքարանը շնորհավորության պարտքը շատ և աղեկ կը կատարե կոր, և թե՝ հնար չկա՞ արդյոք Պատրիարքարանի մյուս պարտքերուն ալ շնորհավորության պարտքի ձև տալ որպեսզի անոնք ալ շուտ կատարվին...։


ՍՈՎ

<1>

Ցորենի վաճառականներուն աչքը լույս։

էնկյուրիեն հասած վերջին լուրերը սոսկալի են, շհասած լուրերը այնչափ սոսկալի չեն։

Տեղվույն ազգայինք սովե կը տանջվին, ուտելու հաց կը փնտրեն ու չեն կրնար գտնել, սովն ալ բերանը բացեր ուտելու մարդ կը փնտրե։

Իրարու ետևե հասնող լուրերուն նայելով հաց չգտնվիր եղեր, բայց գինը բավական բարձացեր է եղեր։

Բարեսեր ազգայիններեն ոմանք տունե տուն, խանութե խանութ պտըտելով սովատանջ ազգայնոց օգնելու համար հանգանակություն կ՝ընեն եղեր, շատերը ստորագրած են հանգանակության թուղթը և կը հուսացվի, որ ստորագրություն ժողվելը այս ամիս կը լմննա, գալ ամիս ալ ստակները կը հավաքվին և մյուս ամսույն փոսթայով էնկյուրի կը ղրկվի ու սովատանջ ազգայինք ալ կուշտ ու կուռ ... կուտեն։

Արդեն երկու հարյուր լիրա ղրկված է. և երկու հարյուր հիսուն լիրա ալ ղրկվելու վրա է եղեր։