Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

կեցիր կ’ըսե, արևուն կը դառնա, հոն գնա, ինձի ազատե կըսե, վերջապես ուզածին պես կը հրամայե անոնց, արևը ու լուսինը մորուքնին տեր Երեմիային համրել տված են։


Ինչպես որ բնական է, տեր Երեմիան անոնց հնազանդութենեն քաջալերվեով սկսավ անիրավությամբ վարվիլ հետերնին, և անանկ հրամաններ արձակել, որոնց գործադրությունը անկարելի է։


Օր մը տեր Երեմիան կը բարկանա թաղին պախալին դեմ և տուն կը դառնա, տունն ալ մեկը չգտնար, որ անոր վրա թափե, ուր բարկությանն. ուստի, օրացույցը ձեռք կ’առնե և արևուն կ’ըսե.


- Սեպտեմբեր քսանը ութնին կեսդ թող խավարի։


- Արևն տեսնելով, որ տերը բարկացած է, շատ աղեկ ըսավ ու դուրս ելավ։


Սեպտեմբեր քսանը ութը մոտեցավ, տեր Երեմիան դիտակն առավ երկինք ուղղեց զայն և յուր հրամանաց գործադրությունը կ’սպասեր տեսնել երկնիր երեսը։


Արևն սկսավ խավարիլ։ Տեր Երեմիան հրամայած էր, որ կեսը խավարի, մինչդեռ անոր մեկ քառորդը խավարեցավ։


Այս միջոցին տեր Երեմիան վարեն կը պոռար արևուն.


- Ինչ կ’ընես կոր, մյուս քառորդդ ալ պիտի խավարի, որ կես ըլլա։


- Ասկից ավելի չեմ կրնար խավարիլ կը պոռար արևը։


- Քեզ տեսնեմ, այսչափ բազմության առջև ինձի պզտիկ մի ձգեր։


- Չեմ կրնար կոր, ի՞նչ ընեմ տեր հայր։


Տեր հայրը համոզողական խոսքերով կը հորդորեր արևն, որ հնազանդի, կը քաջալերեր, նեղը կը խոթեր, որ քիչ մ’ալ խավարի. վերջապես արևուն համբերության ամանը լեցավ ուլթիմաթումը տնկեց.


- Նոն բոսսումուս։


- Ա՜յ, անպիտան, հասկցա, կարծեմ Արամյանը քեզի համոզեցի, որ այսպես վարվիս։


Տեր հայրը հուսահատ, գրտակը ձեռքեն վար նետեց, վերարկուն հագավ, տունեն դուրս վազեց, նորեն ներս մտավ, սենյակը ելավ. ես վրեժս կը լուծեմ ըսելով գրասեղանին առջևն անցավ, թուղթ գրիչ առավ սկսավ գրել հետևյալը.


«Ամենապատիվ սրբազան հայր և մեծապատիվ անդամք Ազգային վարչության.