Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/146

Այս էջը սրբագրված է

Ինչպես որ ասկից առաջ ազգային տպարաններն ինձի դեմ ելան և առանձնաշնորհությունս առնել ուզեցին, հիմա ալ արևն նույն տպարանապետներու թելադրությամբ ինձի դեմ ապստամբած ըլլալով՝ կը խնդրեմ պատկառելի ժողովեդ, որ վերգդրյալ տպարանապետներն կանչելով՝ պատվիրենք, որ մեյ մ’ալ անանկ բաներ չընեն, և եթե նորեն հանդգնին՝ թե՛ զիրենք և թե՛ արևն պատժեք, որպեսզի չստիպվիմ կառավարության ատյանին առջև արևուն հետ դատվիլ»։


Որով մնամ

ձեր պատկառելիության

խոնարհ

տգետ աստղաբաշխ


Այս բողոգագիրն այս օրերս Ազգային վարչության պիտի մատուցվի, տեսնենք ինչ ելք պիտի ունենա։


ԱՂԹԱՄԱՐԱ ԽՆԴԻՐԸ ԽԱՀՎԵ ՕՃԱԽԻՆ ՄԵՋ։


Ահավասիկ խնդիր մը, որ հին Է Տերոյենց պատվելիին կարծիքներուն պես, անհասկանալի Է Պատրիարքարանի արդի ընթացքին պես, անորոշելի Է դռնփակի խնդրույն պես, և վերջապես անվերջանալի Է Մանզումեի հոդվածներուն պես։


Եվ սակայն, այս խնդիրն այս օրվան օրս չգիտենք ինչպես ճամբա գտեր նորեն խնդրոց կարգին մեջ Է մտեր։


Ասիան կ’ըսե, թե Խաչատուր սրբազանին դրդումովը Աղթամարի մեջ մի խումբ մարդեր կաթողիկոսարանը խուժելով՝ տեղապահն ու միաբանությունն արտաքսեր ու վանքը գոցեր են։


Կ’երևի, որ դիվանն այս լուրին վրա որոշեր Է խնդիրն խնդրոց կարգին մեջն անցունել։


Ահավասիկ խնդիրներն խնդրոց կարգին մեջ անցնել տալու նոր ճամբա մը։


Այս եղանակով, եթե ուզենք, Սսո խնդիրն ալ օր մը խնդրոց կարդն անցունել Սսո կաթողիկոսարանը գոգելու Է ու միաբանությունն ալ դուրս ընելու Է, թեև միաբանությունն ո՛չ միայն վանքերեն, կաթողիկոսարաններեն այլ Ընդհանուր ժողովեն ալ շատոնց դուրս ելած Է։


Ինչ Է նե, քանի որ հիմակու հիմա խնդիրն Ընդհանուր ժողովին ներկայացեր Է, և քանի որ երեսփոխան Էֆենտիներն երբեք խնդիր մը վռնտած չունին այս խնդրույն ալ պիտի ըսեն։