Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/148

Այս էջը սրբագրված է

Ըսել է որ, այս առաջին անգամը չէ որ, վեհափառ Կաթուղիկոս լուր հաղորդակցությունը կը հայտնե, եթե երբեք կրնա հաղորդակցություն կոչվիլ շնորհավորություն մը:

Ի՞նչ կ’ելնե աս խոսքերեն։

Մ’աճապարեր ընթերցող։

Թողունք Օրագրո այս հակասական խոսքերն, որովհետև Օրագրո մեջ այնչափ հակասություն կա, որչափ որ աստղ կա երկնից երեսը, որչափ որ ավաղ կա ծովափը, որչափ որ զավակ ունի հայր Աբրահամը, որչափ որ վիշտ ունի մեր ազգը, որչափ որ չլուծված խնդիր ունի Ընդհանուր ժողովը, որչափ որ իմաստություն ունի Այվատյանը, որչափ որ փոշի ունի Պատրիարքարանի սանդուխները, որչափ որ պարտք ունի Ազգային սնտուկը. հետևապես, Օրագրո մեջ հակասություն ցույց տալու ելնելը պարապ աշխատություն է։

Օրագիր այս լուրը տալեն ետքը կ’ըսե. «Տեսնենք Մասիս ի՛նչ պիտի ըսե»։

Մասիս ի՞նչ կրնա ըսել. Վեհափառ Կաթուղիկոսն սրբազան Պատրիարքին շնորհավորության կոնդակ մը գչեր, սրբազան Պատրիարքն ալ նույն կոնդակը եկեղեցիներու մեջ կարդացնել տվեր է։ Ըսելու չըսելու ի՞նչ կա հոս։ Բայց նմանօրինակ կոնդակներ Պողոս Պատրիարքին, Խրիմյան Պատրիարքին ալ ուղղվեր են և անոնք եկեղեցիներու մեջ կարդացնել չեն տվեր եղեր, ի՞նչ կ’ելնե ասկից, միթե ամեն մարդու բնավորությունը մե՞կ է, միթե ամեն մարդ իրեն ուղղված շնորհավորության մեկ դիր մը ամենուն կարդալու պարտավո՞ր է։

Օրագիր հոս պարզապես մեկ կողմեն վեհափառ Կաթուղիկոսը շողոքորթել և <մյուս կողմեն> սրբազան Պատրիարքին քծնիլ կ’ուզե և իբր այն տեսնենք, կ’ըսե, Մասիս ի՞նչ պիտի գրե սա կոնդակին եկեղեցիներուն մեջ կարդացվելուն վրա։

Օրագիր այս տողերով Մասիսն գրգռել կ’աշխատի, բայց որպեսզի չըլլա որ անզոր ըլլան այդ տողերն, քիչ մը Վարը սուտ մ’ալ կը գլտորե որպեսզի վեհափառ Կաթուղիկոսն լավ մը շող, քորթե, խրիմյաններն գրգռե, ազգին մեջ նոր խնդիր մը հարուցանե և ինք իր ապրուստը ճարե։

Ահավասիկ Օրագրո սուտը. «Թեպետ և այժմեն լսած ենք, որ Խրիմյան սրբազան այդ կոնդակին դեմ է խոսեր, բայց մենք Մասիսի հարձակմանց սպասենք»։