Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

Ահավասիկ Օրագիր հոս բացե ի բաց կը գրգռե Մասիսը, որ իր Վրա հարձակի, և լռելյայն կ'ըսե, որ եթե վրաս չհարձակիս և վեհափառ Կաթուղիկոսն շողոքորթելու առիթ չտաս ինձ, սուտ մ'ալ պիտի հրատարակեմ ու պիտի ըսեմ, թե Խրիմյան այդ կոնդակի դեմ հայհոյություն խոսքեր ալ ըրավ։

Դեռ կոնդակին կարդացվիլը մարդ չիմացավ. Օրագիր ե՞րբ իմացավ անոր դեմ խոսվիլը։ Որ եկեղեցիին մեջ, ե՞րբ կարդացվեր Է կոնդակը, և ո՞ւր, ե՞րբ դեմ խոսեր Է Խրիմյան։

Եթե Օրագիր վատ չըլլար, եթե Օրագիր Վասակ չըլլար, եթե Օրագիր յուր եղբարցը արյան մեջ խայտացող գազան մը չըլլար լռություն պիտի պահեր, Խրիմյան անանկ բան մը խոսած ըլլար ալ նե' զոր չենք հուսար բնավ։ Այո', լուռ պիտի մնար, որպեսզի նորեն չսաստկանա այն կռիվն, որուն վերջանալուն կը փափագի այսօր ժողովուրդն։

Բայց որո՞ւ կ'ըսես, Օրագիր առանց կռվո որովհետև այդ վատ ու ազգակործան թերթն յուր ժողովրդյան թշվառության մեջ տեսավ։

Խեղճ ժօղովուրդ ․ ․ ․

ՊԱՐՏՔ ՎՃԱՐԵԼՈԻ ԴՅՈԻՐԻՆ ՃԱՄԲԱ ՄԸ

Այսորվան օրս չկա մարդ մը, որ պարտք չունենա, ինչպես նաև չկա մարդ մը, որ պարտք վճարե։

Այո', ամեն մարդ պարտք ունի, բայց այս պարտքը ամենուն վրա միևնույն ազդեցություն ը չըներ։

Մարդ կա, որ պարտքը քանի ավելնա, այն չափ հանգիստ կ՝ըլլա, պարտքը քանի մեծնա՝ ինք ալ կը մեծնա։ Մարդ ալ կա, որ պզտիկ պարտք մ՝անգամ չկրնար տանիլ, երկու փարայի պարտքը զինք անհանգիստ կ՝ընե գիշեր ցերեկ։

Ազգային սնտուկն ալ պարտք ունի այսօրվան օրս, և չկրնար յուր պարտքը վճարել։

— Ինչո՞ւ չկրնար պարտքը վճարել։

— Չունի', ընթերցող, չունի'։

— Ինչո՞ւ ստակ չունի։

— Որովհետև սնտուկին մեջ ստակ չկա։

Ի՞նչ ընե ուրեմն ազգային սնտուկը այս վիճակին մեջ. նըստի լա՞։

Լալը տղայություն Է։