- Ի՞նչպես պիտի երթա, չծախվիր կոր:
- Ինչո՞ւ կեցեր ես, սա Փունջերդ վիճակահանության չդնե՞ս։
- Նայինք, կը խորհիմ կոր։
Պարահանդեսի մը մեջ.
- Բարեկամ, անտանելի մեկը կա, որ քովես չբաժնվիր կոր և զբոսանքիս արգելք կ’ըլլա կոր։
- Չծախե՞ս։
- Խելացի է, չծախվիր կոր։
- Չծախվիր կո՞ր։
- Ո՛չ։
- Վիճակահանության դիր։
Երեկույթի մը մեջ.
- Ի՞նչպես ես, բարեկամ, օրիորդ Լուսիային հետ սիրահարության սկսա՞ր։
- Չէ։
- Ինչո՞ւ։
- Քանի մը անգամ բարև տվի, չարռներ կոր։
- Չա՞ռներ կոր։
- Ոչ,
- Բարևդ վիճակահանության դիր։
Վերջապես, ինչպես որ ըսինք, ամեն կողմ վիճակահանություն մ’է կերթա. եթե այսպես շարունակվելու ըլլա՝ քիչ ժամանակեն բոլոր խանութները պիտի գոցվին և վաճառականներն ապրանքնին վիճակահանությամբ պիտի ծախեն։
Աստված հաջողություն տա։
ԴՐԱՄԱԿԱՆ
<2>
Ընթերցողներեն ոմանք կը գանգատին, թե ինչու համար լրագրույս մեջ դրամական հոդվածներ չեն հրատարակվիր շարունակ:
Կը պատասխանենք։
Որովհետև, հրապարակի վրա շարունակ դրամ չգտնվիր կոր:
Վերցուր պատճառը, կը վերնա արդյունքը։
Վերցուր դրամը, կը վերնա դրամականը։
Հիմակու հիմա դրամ չկա, թուղթ կա։
Թուղթերու վրայոք խոսինք ուրեմն։
Ամենեն բարակ թուղթերը թրամվեյի թուղթերն են. թոփը ղուրուշի կ’առնվի։