Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/219

Այս էջը սրբագրված է

ունենալնուն պատճառավ հոս ալ դժբախտաբար թարգմանության սխալ սպրդած է։

Կրոնական ժողովն այս հայտարարությամբ Թատրոնի տված տեղեկությանց իբր թե սխալ ըլլալն ծանուցած ատեն, ճշմարտությունն ալ իր հայտարարության մեջեն փախուստ տված է։

Այս փախստականն մեզի եկած ապավինած ըլլալով՝ մենք ալ զայն թերթերնուս մեջ հյուրընկալելով կը հանձնարարենք Կրոնական ժողովին, որ ինք ալ գոնե քանի մը օր հյուրրնկալե զայն։

Առայժմ այսչափով շատանալով' հաջորդ թվով հրատարակել կը խոստանանք նամակ մը, զոր ղրկած է մեզ Օրթագեղ կրկնամուսնացող մարդուն երկրորդ կնկան հայրը, և որ դառն ցավով կը բողոքե այս ապօրինավոր ամուսնության դեմ։

ԲԱՆԻՆ ԿԵՆԱՑ ՔԱՐՈԶՈՂԻՆ ԿՈՏՈՇԸ

Թերթերնուս մեջ Վանա Պողոս վարդապետին չարագործություննե ըն հրատարակելնիս բանին կենաց քարոզչի մը դժվարն եկած ըլլալով' բուսաբանության պարապիլ որոշած է։

— Ո՞վ է այս բանին կենաց քարոզողը։

— Ով. ըլլալը չգիաենք, գիտնալ չենք ուզեր, միայն սա դիտենք, որ Օրագրի հինգշաբթի ավուր թերթին մեջ Վանեն դրված նամակ մը կա, այս նամակին ստորագրողն ալ բանին կենաց քարոզող է:

Այս նամակագիրն Պողոս վարդապետն երկինք հանելեն ետքը, իր <<Հետ գրությանը» մեջ Թատրոնի վրա հայհոյություններ կը ժայթքե. զաքարեացիր, կըսե մեզի, սպառնալով միանգամայն, թե եթե չզաքարեանանք մեր ճակտին վրա ևս Կայենի պես կոտոշ պիտի բուսցնելե։

Գեշ չէ, բուսաբանության մեկ ճյուղն ըսել է։

Պարտք կը համարինք հայտնել անպատկառ և դիմավոր կրոնավորին, որ իր կոտոշաբույր նամակովն անհերքելի կերպով հաստատեց, թե Պողոս Վարդապետ սրբապղծություններ գործած է զինք պաշտպանել ուզող կռտոշաբարձ կրոնավորին միջոցավ։

Մեր բարձրակոտոշ հակառակորդը զաքարեանալ կը հրամայե մեզ։ Ցավոք կը հայտնենք իրեն, որ կոտոշազեն մարդու մը հրամաններն, ինչ որ ալ ըլլան, չենք կրնար կատարել, հետևապես, կը իմացունենք իրեն, որ մենք եսայացած ըլլալով՝ զաքարեանալն իր բաժինն է։