Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/25

Այս էջը սրբագրված է

Ազդը այս պտուղը վայելել կուզե։ Ամենապատիվ սրբազան հայրն ալ պարտավոր Է զինք վայելել տալու համար աշխատիլ։

Ոմանք կըսեն, թե սրբազան պատրիարք հայրը պատրիարքության պաշտոնը կանչված օրը, հուզվեցավ և լացավ, և այս արտասուքեն կը հետևցնեն թե՝ գոհ սրտիվ հանձնառու չեղավ պատրիարքության։

Արտասուքը դժգոհության նշան չէ, վկա կը կոչեմ այն արտասուքները, զորս կը թափեն աղջիկները հարս եղած օրերնին։

Մենք այնպես կը հավատանք որ սրբազան պատրիարք հայրը կը փափագի և շատոնց կը փափագեր պատրիարքության աթոռն ելնելով ազգին ծառայել։ Վկա կը կոչենք Էջմիածին ուղևորիլը և այդ աթոռեն ընդունվիլը։ Սոս եպիսկոպոսի մը էջմիածինեն ընդունվիլր Պոլսո պատրիարքական գահուն հետ ամուսնանալու խոսք-կապն է²։

Այս դեպքերը երաշխավորություններ են ամենապատիվ Ներսես սրբազանին պատրիարքության աթոռին վրա ազգին մատուցանելիք ծառայությանց, և երկու շիթ արտասուքը չկրնար ջրել այդ երաշխավորությունները. հետևապես Այվատյանի խմբին՝ այդ արտասուքներեն դժգոհություն հետևցնելը հասարակությունը նորին սրբազնութենեն պաղեցնելու աշխատիլ ըսել Է։

Մեր այս տողերեն չըլլա որ հասկցվի թե՝ Ներսես սրբազանը շատուց ի վեր պատրիարքանալ կը փափագի եղեր և թե մենք ալ այս փափագը կը ծաղրենք. քավ լիցի, որովհետև պատրիարքանալ չուզող եպիսկոպոսաց թիվր հարսնանալ չուզող աղջկանց թիվեն քիչ մը պակաս Է և հարս ըլլալու փափագը ծաղրելու պես ծաղրելի բան մը չկրնար ըլլալ։ Մենք այս տողերով հասկցնել ուզեցինք թե «զիս պատրիարքական ընտրելյաց ցանկեն դուրս հանեցեք» ըսելը քաղաքավարական ձև մԷ. «ես չեմ կրնար ընել» ըսելը՝ հեզության ձև մԷ, և թե՝ արտասուք թափելը այսպիսի պարագաներու մեջ ուրախության նշան Է, հետևապես անոր ասոր՝ նորիս սրբազնությունը մերթ հիվանդ մերթ դժգոհ ցցունելը բոլորովին սուտ է։

Ասանկ բաները բացատրելը անաչառ երգիծաբան թերթի մը պարտքն ըլլալով Թատրոնն ալ իր այս պարտքը կատարեց։


ԱՄԲՐՈՍԻՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Աչքդ լույս, ընթերցո՛ղ, չես ըսեր, որ մեր Ամբրոսիոսն ալ վերջապես Բերայի սուրբ Հարության եկեղեցվույն քարոզիչ եղավ։