Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

օրերս եպիսկոպոսանալ կը փափագի, առանց անգամ մը խորհելու, թե եպիսկոպոսության պահանջած հանգամանքներն, զորս Կրոնական ժողովն ասկից առաջ պաշտոնական ծանուցմամբ մը հրատարակած էր, ունի՞ իր վրա։ Ըստ մեզ ոչ միայն այն հանգմանքներեն բոլորովին զուրկ է, այլ յուր քանի մը տարվան առաջորդության միջոցին ցույց տված անխոհեմ ընթացքովն, որով Վասակի անունն ժառանգեց, իսպառ զուրկ պիտի ըլլա եպիսկոպոսական կարգեն։

Կրոնական ժողովն հրաման պիտի տա՞ արդյոք, որ երթա եպիսկոպոս ըլլա այդ անձը, որուն վրա դեռ մարած չէ հասարակության տրտմության կրակը։ Չենք կարծեր, որովհետև եթե շահ Հյուսեինի վրա գովեստ կարդացող Վարդապետ մը եպիսկոպոս ըլլա նե այն ատեն բոլոր վիճակաց առաջնորդ վարդապետներն իրենց մոտը գտնված բռնավորներուն ու բարբարոսներուն վրա գովասանական նամակներ գրելու կ’սկսին։

Առ այժմ այս չափով շատանալով, կը հուսանք, որ Կրոնական ժողովն այս խնդիրքը պիտի մերժե և մենք ալ բարեբախտություն պիտի ունենանք ըսելու, թե Կրոնական ժողովն յար ծանուցման հակառակ գտնալով Ալեաթճյանի եպիսկոպոսանալ ուզելն, հրաման չտվավ, որ եպիսկոպոսանա։

ՍՈՎ ԵՎ ԲՈՂՈՔԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ

Հայաստանի կողմերը վերջերս տիրած սովն, ինչպես նաև սովելոց ամեն կողմե օգնության հասնիլն ամենուս ծանոթ է։

Մեր պաշտոնակիցներեն ոմանք բողոքականաց ալ մարդասիրաբար սովելոց օգնելնին ծանուցանելով՝ կը խրատեն զմեզ, որ եթե չենք ուզեր բողոքականության տարածվիլն, պարտավոր ենք առանց անոնց օգնության մեր սովյալներն կշտացունել։

Ասկից ավելի անհեթեթ և տղայական խոսք կրնա՞ ըլլալ։

Միթե մարդս յար մարդկության պարտքը կատարելու համար դիմացինին խղճի ազատությունը բռնաբարելո՞ւ է։

Երբ թաղի մը մեջ հրդեհ պատահի, թաղին ամեն կողմերեն ամեն ազգե մարզիկ կը վազեն օգնության, և ե՞րբ լսված է, որ տունը այրելու մոտ եղող մարդու մը ըսեն, թե հայ, հույն, թուրք կամ հրեա ըլլաս նե քու տունդ կրակեն կ’ազատենք։ Նմանապես, երբ մեկը ծովն իյնա ամեն մարդ իր կարողությանը համեմատ