Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/261

Այս էջը սրբագրված է

ԳՈՐԾ ՉԿԱ, ԳՈՐԾ ՉԿԱ

Այս բառերն են ահավասիկ այսօրվան օրս ամենուս բերանը։

- Եղբա՛յր, ինչո՞ւ պարապ կը պարտիս կոր։

- Գո՛րծ չկա։

- Աղա՛, պարտքդ ինչո՞ւ չես տալ կոր։

- Գո՛րծ չկա։

- Տղա՛, ինչո՞ւ ցերեկ ատեն պաոկեր կը քնանաս։

- Գո՛րծ չկա։

- Պարո՛ն, ինչո՞ւ սիրուհվույդ քովեն բնավ չես զատվիր։

- Ի՞նչ ընեմ, գործ չկա։

- Եղբայրնե՛ր, ինչո՞ւ առտվնե մինչև իրիկուն սրճարաններու մեջ փակված իքի յուզ կը խաղաք։

Հասկցվեցավ ա՛, աշխարհիս վրայեն գործը վերցած է մեր ազդին համար, իսկ ուրիշ ազգաց՝ նամանավանդ հրեից համար, գործը շատ առատ է։

Մենք այս գործ չկային պատճառները քննելով տեսանք, որ կոշկակարության հարմարություն ունեցողն ժամագործ ըլլալ կ’ուզե, հյուսնության հարմարություն ունեցողն դասատու ըլլալ կ’ուզե, օրը քսան ղուրուշ վաստկելու կարոդություն ունեցողն օրը տասը հազար ղուրուշ վաստկիլ կ’ուզե, ոչխարներ արածելու հարմարություն ունեցողն գրագետ ըլլա կ’ուզե, երկու հարյուր ոսկի ունեցողն Պոլսեն մինչև Պաղտատ երկաթուղի շինելու արտոնություն կ’ուզե, և երբ ասոնք չեն կրնար հաջողիլ, ինչպես որ ալ երբեք չպիտի կրնան հաջողիլ, կ’ելնեն կը գանգատին թե գործ չկա։

Ամեն արհեստ իրեն հատուկ գործիքներ ունի. սղոցով հագուստ չշինվիր, ինչպես որ մկրատով և ասեղով ալ տուն չշինվիր։ Ասոր պես ամեն գործ ալ իրեն հատուկ մարդեր ունի, և մենք միշտ այն գործերու մեջ կ’ուզենք ըլլալ, որոց հատկության չունինք, և երբ այդ գործերը չկարենանք գտնել, կամ գտնալեն ետքը վնասվինք, այն ատեն կ՚սկսինք պոռալ և հազարումեկ*… ըսելով թե