Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/279

Այս էջը սրբագրված է

Անձրևեն փախչիմ ըսի,

Կարկուտե բռնվեցա։

Թաթավլայեն անցա լիճն ընկա,

Կալաթա Սերայեն անցա ցեխն ընկա,

Հակառակորդես փախչիմ ասի,

Պարտատերես բռնվեցա։

Երկու քուրդը մեկ կարավան,

Երկու կին մեկ բնակարան,

Երկու տերտերը մեկ խորան,

Երկու հայը Հայաստան։

Երկու խմբագիր մեկ կռվարան,

Երկու երեսփոխան մեկ աշտարակ բաբելոնյան,

Երկու կին մեկ բամբասարան,

Երկու դերասան մեկ ճիզվիթարան։

ՊԱՐԱՊ ՆՍՏՈՂՆԵՐՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

- Այդպես հևալով ո՞ւսկից կուգաս կոր Խիկար։

- Վազելով Պատրիարքարան գացի և վազելով եկա։

- Ի՞նչ գործ ունեիր Պատրիարքարան։

- Գործ մ’ալ չունեի։

- Ինչո՞ւ գացիր ուրեմն։

- Ամեն առտու գտցողներն և ամեն իրիկուն ետ դարձողներն հոն կ՚երթան կոր նե գո՞րծ ունենալնուն համար կ՚երթան կոր։

- Հապա, անոնց ամենն ալ պաշտոնյա են, ամենքն ալ գործ ունին։

- Ես ալ կ՚ըսեմ, որ որչափ գործ չունեցածներ կան նե ամենքն ալ Պատրիարքարան լեցվեր նստեր են։

- Խիկար, ատանկ խոսք մի ըներ, լեզուդ կը կտրեն, այդ պաշտոնյաներն գործ չունենային նե պարապ նստեին նե ազգն ատոնց ամսական կուտա՞ր։

- Կուտա կոր կ՚ըսեմ կոր քեզի, և ասոր համար կ’ուզեի գալ ուրբաթ Ընդհանուր ժողովին աղերսագիր մը տալ, որ ինձի ալ ամսական տան, ես ալ երթամ նստիմ Պատրիարքարան, ես ալ անոնց