Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/28

Այս էջը սրբագրված է

կըսե Օրագիր, արևմտյան կրոնքը չքալեր, ինչպես նաև արևմուտքի մեջ ալ արևելյան կրոնքը։

Կորսված դպրոց մը ձեռք բերելու համար կրոնքնիս չկորսնցնելու համա՞ր է արդյոք, որ Քաղաքական ժողովը անտարբեր կը կենա այս մասին...։


ՇԻՐՔԵԹԻ ԽԱՅՐԻԵԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Եթե աշխարհիս վրա կա ընկերություն մը, որուն կանոնները չեն հատնիր և ամեն օր կը վերաքննվին, ան ալ Խայրիեի ընկերությունն է։

Օր չանցնիք, որ այս ընկերությունը նոր կանոն մը չհրատարակե. ժամ չանցնիր, որ կանոն մը չվերաքննե։ Հասարակությունը գործը ձգելու է և այս կանոնները սորվելու է, որ սխալմունք մը ընելով տուգանքի չդատապարտվի։ Այսօր ծանուցում կը հանե, որ մեճիտիեն քսան չորսեն պիտի առնե, դուն ալ կամուրջեն շոգենավ կը մտնես ու քսանը չորսեն կը նայիս տալ մեճիտիեն. պիլեթճին կընդդիմանա. ինչո՞ւ, որովհետև շոգենավը կամուրջեն Պեշիկթաշ գացած ատենը ուրիշ ծանուցում մալ ելած էր, որուն մեջ մեճիտիեի քսան երեքուկեսին առնվելիքը կը ծանուցվի։ Սեղանավորներեն շատերը շոգենավի մեջ սեղանավորություն կընեն և ալեվրա կը խաղան... ասկից աղեկ բիացա՞ կըլլա։

Ուրիշ օր մը, նոր ծանուցում մը հանելով խստիվ կը պատվիրե, որ ճամբորդները իրենց մտած նավամատույցեն քոնթրա մարքա առնելու չմոռնանք եթե մոռնան շոգենավին մեկնած առաջին նավամատույցեն վճարելու պարտավոր են։

Ըսենք որ օտարական մես ու Շիրքեթին¹ կանոններուն ալ անտեղյակ, առաջին անգամ ըլլալով, Պեշիկթաշեն շոգենավ կը մտնես ու նավամատույցին գլուխը կայնող պաշտոնյան քեզի քոնթրա մարքա չտար, շոգենավին մեջ Պեշիկթաշի պիլեթ մը կառնես, բայց շոգենավը կամուրջ հասնելուն պես քոնթրա մարքա չունենալուդ համար Պեոյուք-Տերեեն վճարելու պարտավոր ես. ինչո՞ւ, որովհետև Շիրքեթին կանոններուն անտեղյակ ես, հետև Շիրքեթը այս մասին տուգանք մը չէ արոշեր նավամատույցները կայնող պաշտոնյաներուն, որո՛նք, եթե կարենան, և ոչ մեկուն քոնթրա մարքա կուտան, որպեսզի բոլոր չամբորդները Պեոյուք Տերեեն շոգենավ մտած ըլլան ու ընկերությունն ալ ավելի վաստըկի։