Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/29

Այս էջը սրբագրված է

Շիրքեթը այս մասին նավամատույցները կայնող պաշտոնյաներուն տուգանք մը որոշե նե, ըստ մեզի, ավելի տրամաբանական կըլլա։

Եթե այս չկրնար ընել, գոնե «Դասագիրք Շիրքեթի խայրիեի կանոններուն» անունով գիրք մը հանելու է, որպեսզի Թուրքիո բոլոր դպրոցներու մեջ դաս տրվի և մեր տղաքները պզտիկուց սովրին, որ ապագային չվնասվին։

Եթե ընկերությունն այս ըսածնիս ընե՝ իր կանոնները բոլոր աշխարհ կը տարածվին, ամեն մարդ կը սորվի ու շոգենավ մտածը ատենը հետը փաստաբան մը առնելու հոգեն կազատի։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Ցորեն. Բարիզի մեջ այս օրերս ցորենի առուտուրը թույլ է․ համագործները ետ քաշվեր՝ ամենևին ապրանք չեն առներ կոր։

Պոլսո հացագործներն ալ արդեն ցորեն առած չունին, եգիպտացորենի հաց ուտելով հնդկահավի պես ապուշ կըլլանք կոր։


Շաքար. Բիացան ինկած է. գիները բարձրացան։

Այս հաշվով բիացան բարձր ըլլա նե ան ատեն ալ գիները պիտի իյնան։

Խահվե. Գիները բարձր են. առնող չկա։

Մեզի համար հոգ չէ, որովհետև գիներուն աժան եղած ատենն ալ մենք սուրճը գարիով կը խմեինք հոս։

Լուբիա. Այս շաբթու հազար պարկ Տրապիզոնի լուբիա ծախվեցավ։

է՜հ, առանց ժամանակ կորսնցնելու քաղաքը ձգելու փախչելու է։

Ապակի. Գիները բարձր են։

Անանկ է նե օմնիպյուսի կառքերուն պատուհանները այս տարի ալ չպիտի շինվին։

Բուրդ. աժան է.

Ո՞վ աստված, Շիրքեթի Խայրիեի շոգենավներուն մեքիներթ մինչև երբ փշալի խոտերով լեցած շիլթեներու վրա պիտի նստինք։

Որդան կարմիր. Գիներն օր ըստ օրե բարձրանալու վրա են։

Ըսել է որ մոտերս երեսնին կարմիր չքսած աղջիկներ տեսնելու բաղդր պիտի ունենանք։