Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/37

Այս էջը սրբագրված է

ՉՈՐԵՔՏԱՍԱՆՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Մոտեցավ:

Երեք հարյուր քառասունևյոթը օրվան տաժանելի ճամբորդութենե մը ետքը վերջապես տասներեք օրեն ողջ առողջ կը հասնի։

Չկա ճամբորդ մը, որ ասոր չափ չարչարված ըլլա. չկա գրաշար մը, որ ասոր չափ դժվարությանց պատահած ըլլա կետերու մասին, չկա դիմակավոր մը, որ ասոր չափ դիմակ փոխած ըլլա նախորդ Քաղաքական ժողովո շնորհիվ։

Նախորդ Քաղաքական ժողովն այնչափ կերպարանքներու մտցուց այս ճամբորդն, որ այս տարի չպիտի կրնա ճանչնալ զինքը որչափ ալ պնդե, թե աղեկ կը ճանչնա և թե բնավ կերպարանափոխած չէ զինք։

Բայց թողունք ասոնք, և հարցունենք, թե ինչո՞ւ համար տակավին պատրաստություններ չեն ըլլար այս ճամբորդը դիմավորելու համար։

Սամաթիո Հայկական ընկերությունը այս տարի օրերը սխա՞լ հաշվեց ինչ ըրավ, որ տակավին հայտարարություններ չհանեց. Եթե վնաս ընելու համար ետ քաշվեցավ ըսեն, չենք հավատար, որովհետև շահ ընելու համար չէ որ կը կատարենք այս հանդեսը, ի բաց առյալ Փանոսյանը։

Փանոսյանն ալ հարկավ Զիֆթ Սուի պիտի երթա այս տարի քոնսեր մալ Սահմանադրության տալու, ժիմնասթիքով ու տանսով Սահմանադրությունը զբոսցնելու²...։

Ի՞նչ պետք մեզի Փանոսյանն ու իր տարեդարձը. մենք մեզի նայինք, ու հարցնենք Սամաթիո Հայկական ընկերության, թե հայտարարություններդ ե՞րբ պիտի ելնեն և թե քանի թիվ շոգենավը պիտ վարձվի։

Եթե 13 թիվ շոգենավով պիտի երթանք, օր մը առաջ ճամբա ելնել պետք կըլլա, եթե երեք թիվ շոգենավով պիտի երթանք, անկողիննիս հետերնիս տանելու ենք, որ գիշեր ատեն ծովի վրա քնհատ մնալով չմսինք, եթե 6 թիվ շոգենավով պիտի երթանք, մեյմեկ վրան առնելու ենք, որ անձրև գա նե չթրջինք. եթե Խասգյուղի շոգենավներով պիտի երթանք, քիչ մը նեֆթ յաղի առնելով ղեկին վրա քնելու ենք. եթե 15 թիվ շոգենավով պիտի երթանք, խոստովանանք ըլլալով հաղորդություննիս առնելու և անանկ երթալու ենք։