Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/45

Այս էջը սրբագրված է

Սիմոն պեյին հետ բարձրապատիվ մեծ եպարքոսին այցելության գնաց։

Նախորդ Պատրիարք Խրիմյան սրբազան շնորհավորության եկավ իր հաջորդին։


Մայիս 29 չորեքշաբթի

Փունջին մեջ հետևյալը կը կարդանք.

«Երզնկայի առաջնորդ արժանապատիվ Գրիգորիս վարդապետ առաջիկա ուրբաթ օրը մայրաքաղաքես կը մեկնի»։

Ճամբու ծախսը Փունջին տա՜լո՜վ...


Մայիս 30 հինգշաբթի

Պատրիարքարանեն իմաց տրվեցավ մեզ, որ Ամբրոսիոս վարդապետ 25 մայիս, շաբաթ օրվան Թատրոնին մեջ հրատարակված հոդվածներեն մեկուն դեմ¹³ Ազգային վարչության բողոքագիր մատուցած ըլլալով մայիս 31, ուրբաթ, Խառն ժողովին ներկայանանք մեր պատասխանովը հանդերձ։

Զբաղած ըլլալնուս պատճառով պատասխաննիս ներկայացավ Պատրիարքարան, խնդրելով, որ ժողովը ուրիշ օր մը որոշե և թե մենք պատրաստ ենք հրավերին անձամբ պատասխանելու։


Մայիս 31 ուրբաթ

Աղթամարա կաթողիկոսական խնդրույն վրա բավական խոսք եղավ Խառն ժողովո մեջ ինչպես որ կ՝ըլլա մյուս ժողովներուն մեջ:


Հունիս 1 շաբաթ

Գերապատիվ Գալինիկոս, Նեոֆիթոս և Անթիմոս, երկու սարկավագով և երկու յասախնիով հունաց սրբազան Պատրիարքին կողմեն մեր սրբազան Պատրիարքը շնորհավորելու եկան։ Բայց չգիտցվիր որ՝ շնորհավորեցին, թե չէ։

Պարսից վսեմափայլ դեսպանն և պուլկարաց գերապատիվ Էկզարքն ալ այսօր շնորհավորության եկան։