Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/64

Այս էջը սրբագրված է

Ասկե երեք շաբաթ առաջ, անգամ մը ձեզի կանչեցինք, պարապ տեղը մինչև հիմա սպասեցի. Ամբրոսիոսեդ ձայն չելավ, ո՛չ իլամին օրինակը ղրկեցիք և ո՛չ ալ երեսնիդ ցուցուցիք, պահ մը կասկածեցանք, որ չըլլա թե ուրիշ լրագրի մը ղրկած ըլլալով այդ իլամը, ան ալ վար դրած ու չի հրատարակած ըլլա, բայց բարեկամ մը մեր այս կասկածը փարատեց, իմացնելով, որ դուք իլամը ծոցերնիդ պահեր եք, և ո՛չ թե հրատարակել տալու, այլ երեսն անգամ մարդու ցուցնելու կամչնաք եղեր։ Ապրի՛ք, ամոթխածությունը աղեկ բան է։

Բայց, ինչ որ ալ ըլլա, քանի որ Պոլսո ամեն լրագրաց մեջ հրատարկել տվիք, թե ընտանեկան պատվո դատերնիդ վաստկեր եք, ձեր եղբորը վրա իլամ ըրեր եք, զրպարտիչ ճանչցվեր է այն, պարտական եք ուրեմն իլամին օրինակն ալ հրատարակության տալ, որպեսզի մենք ալ հավատանք, և կամ, եթե այսպես չէ, իբր թե իլամ ըրած ըլլալնուդ նկատմամբ Պոլսո թերթերուն գրածները սուտ հանելու եք, եթե ժողովուրդին աչքին առջև իբրև քար գայթակղության արձանանալ չեք ուզեր։ Կը հասկնա՛ք, սիրուն Ամբրոսյակս, դուք ինչո՞ւ Բերայի մեջ բանող օմնիպյուսներուն պես ծուռ մուռ կը քալեք։ Շտկեցեք քայլերնիդ, շնորհքով քալեցե՛ք, եթե ճամբանիդ շարունակվելու միտք ունիք։

Իմացա, որ դուք Բերայի սուրբ Հարություն եկեղեցվո ալ քարոզիչ կարգվեր եք, շիտակր առաջին անգամ հավատալս չեկավ, մյուս թերթերը ինե ավելի չհավատացին և մինչև հիմա ալ այս մասին հրատարակություն մը չըրին, բայց ես այս ուրախառիթ լուրը առնելուս պես, վազեցի ստուգելու, և երբ Փափազյան Էֆենտին զիս բոլորովին վստահացուր, այն ատեն չի կրնալով ինքզինքս բռնել, ուրախության արցունքներ թափեցի.․. Կրոնական ժողովո վիճակին վրա։ Դու այս ժողովին աչքը նայե, քիչ ատենեն անիկա քեզի Պատրիարք ալ, Կաթողիկոս ալ կրնե, ողջ մնաք նե հարկավ կը տեսնենք։

Լսեցի, որ դուք սուրբ պատարագ մատուցանելու սկսեր եք ասդին անդին, սեղանին վրայեն վար իջած չունիք եղեր, և շատ հրաշքներ կը գործեք կոր, ձեր ընդունած ժամուցները աղքատներու, կամ դպրոցներու նվիրելով, ապրի՛ք, մնա՛ք, կը մաղթեմ, որ ավելի հարուստ ըլլաք և ավելի առատ նվերներ ընեք։

Սակայն բան մը կա, որ խղճմտանքիս վրա շատ ծանրացած է, չեմ գիտեր, թե ձեր խղճմտանքը ինչ վիճակի մեջ է. հավանականաբար շատ թեթև ըլլալու է, դուք անանկ խղճմտանքնիդ