Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/71

Այս էջը սրբագրված է

Ո՛Չ ԿԱՐԵՄՔ

էջմիածնեն ալ սա լուրը առինք այս շաբթու։

Ես չառի. Օրագիրը էջմիածնեն առեր էր, ես ալ Օրագրեն առի, դուն ալ ինձմե ա՛ռ, ա՜ռ, բայց մի՜ հավատար մինչև որ չստուգվի Վեհափառ Կաթողիկոս, որ մինչև հիմա լռություն կը պահեր Ռուսաստանի հայ Վարժարանաց խնդրույն մասին, և երկու խոսք չէր ըսած, այս անգամ երկու բառով պատասախաներ է.

Ո՛չ կարեմք։

Այս գրաբարը ի՞նչպես թարգմանելու է աշխարհաբարի, այս «ո՛չ կարեմք»ը մեզի ուղղված է, չէ նե Ռուսիո կառավարության։ Ամենեն առաջ աս հասկնալու է։ Եթե մեզի ուղղված է «բան մ՛ալ, չենք կրնար ընել» կը նշանակե. եթե Ռուսիո կառավարության ուղղված է` դպրոցներուս տեսչությունը ուրիշին չենք կրնար հանձնել ըսել է:

Ահա, ընթերցո՜ղ բարեկամ, լեզվին դժվարությունները աս տեղվանքն են, միևնույն խոսքը երկու տարբեր անձանց ուղղվելով տարբեր նշանակություններ կունենա։

Բայց, թողունք հիմա հայ լեզվին դժվարությունները և հայ ազգին կրած թշվառութ... մի՜ խոտորիր լեզո՜ւ.... դժվարությանց վրա խոսինք: Ի՞նչ պիտի ըլլա այս խնդրուին վերջը, մինչև ե՞րբ սպասենք որ Վարչությունը հեռագրով վեհափառ Կաթողիկոսեն տեղեկություն խնդրե այս մասին։

Ռուսիո կառավարությունը հունաց Պատրիարքարանին պես բրոթոն էսի էլա էմենա ըսեր նե` դյուրին բան մ՝էր, ասիկա բրոթոն ալ վերուցեր մեր ազգային վարժարաններուն մեկիկ մեկիկ կըսե կոր, էսի էլա էմենա... էսի էլա էմենա, այսինքն, դուն ինձի եկուր, դուն ալ ինձի եկուր ... աղեկ ա՛, ան քեզի գա, մյուսն ալ քեզի գա, մեզի ո՞վ պիտի մնա. Ռուսիո հայերուն ամենն ալ ելնեն, անոնք ալ մեզի գան, լմննա երթա։

Լսածնուս նայելով երիտասարդաց խումբ մը Ընդհանուր ժո-