Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/77

Այս էջը սրբագրված է

լով միայն կրնա փրկվիլ, ի՞նչպես կրնա խղճին դեմ կաթոլիկ մնալու Ծերենցի պես, եկեղեցվույն մեջ սուրբ Պապը ճանչնալ ու դուրս ելնելուն պես նզովել յուր եկեղեցվո գլուխը եկեղեցիին մեջ ուրիշ հավատք, և եկեղեցիեն դուրս ուրիշ հավատք կրել վրան, մեկ խոսքով երկու խիղճ ունենալ՝ մին ի պետս եկեղեցվո և մյուսն ի պետս Մասիսի և հասարակության։

Եվ կրոնի մասին անտարբեր Ծերենցը իր հետևողներուն հայու կրոնքն ընդունել պիտի տա եղեր․․․

Սպասեցեք, կըսե, մյուս ինկերներնիս ալ առնենք ու անանկ հայ ըլլանք, ըսել է որ, եթե ընկերները չգան Ծերենցն ու իր արբանյակներն ալ հայ չպիտի ըլլան։

Պայմանագրությամբ ալ կրոնափոխություն բնավ տեսած չունեինք. աս ալ տեսանք։

Այս տողերը չեինք գրեր, եթե ազգայիններեն ոմանք Ծերենցին այս գրություններեն խաբվելով և ազգային միությունը մոտեցած տեսնելով իրենց զավակները կաթոլիկ հայոց վարժարանները ղրկելեն ետ կենային։

Օրթագեղի վարժարանը (որուն տնօրենն է տոքթոր Շիշմանյան էֆենտին), որուն հայասեր ըլլալը հանրածանոթ ի, և որուն կարծիքները լսածնուս նայելով Ծերենցին կարծիքներեն շատ տարբեր են, այսօրվան օրս հայ աշակերտներով լեցուն է։

Մենք կը կասկածինք, որ այն դպրոցին մեջ մեր տղայոց հռոմեականություն քարոզվի։ Կը կասկածինք ըսինք նե քաղաքավարութեան համար է, և շիտակը կուզեք նե անոր անանկ ըլլալուն հավատացած ենք։ Երբ աչվնուս առջևը կը տեսնենք Վենետիկի միարանության մեկեն ի մեկ հասունյանց հարիլը, կստիպվինք հարցնել Շիշմանյան էֆենտիին, թե ինքը կրնա՞ երաշխավոր ըլլալ իր դպրոցին մեջ գտնված վարդապետին, կրնա՞ ապահովել մեզի, որ Ծերենցի նման մեկը չկա այդ դպրոցին մեջ՝ Ծերենց մը, որ լրագրաց մեջ միություն կը քարոզե և ընտանիքն առած տեր Կոմիտասին տարեդարձը կատարելու կ՝երթա վազելովը:

Չենք կրնար կարծել․․․ և չկարծելնուս պատճառավ Կրոնական ժողովո և ուսումնական խորհրդո ուշադրությունը կը հրավիրենք այդ վարժարանին վրա, ինչպես որ ժամանակավ հրավիրեցինք բողոքական վարժարանի մը վրա։

Ուրիշ հոդվածով մը նորեն պիտի խոսինք պարոն Ծերենցին հոդվածներուն մյուս կետերուն վրա։