Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/78

Այս էջը սրբագրված է

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՈՒ ԱՌԱՏՈԻԹՅՈԻՆ

Չորս կողմերնիս փաստաբան կտրեցավ.

Մեծ դյուրություն կա հիմա անոր ասոր դեմ դատ բանալու, և եթե Պոլսո մեջ անհատնում դատեր կան զանոնք փաստաբաններու առատության պարտավոր ենք։ Եվ ինչո՞ւ ճշմարտությունը չխոսինք, այսօր դատեն ավելի փաստաբան ունինք, մեկ հատին երեք ու կես փաստաբան կիյնա կոր։ Եկո՛ւր տե ասանկ քաղաքի մը մեջ զատ մի՛ ունենար։

Այս փաստաբաններուն ամենն ալ ճշմարտության ախոյան կը կոչեն ինքզինքնին, և երկու ախոյան դեմ առ դեմ կը կռվին... երկուքն ալ ճշմարտությունը պաշտպանելու համար... ճշմարտությունը երբեք այսչափ պաշտպան ունեցած չէր։

Մարդուն մեկը անցյալները մեկու մը դեմ դատ բանալու փափագ ընելով և իրավ որ այսչափ փաստաբան ըլլալեն ետքը մարդուս փափագ մը կուգա կոր ամենուն դեմ դատ բանալու, փաստաբանի մը կերթա.

— Բարև, պարոն փաստաբան։

— Բարի եկաք պարոն, ի՞նչ կուզեք։

— Մեկու մը դեմ դատ պիտի բանամ։

— Իրավունք ունիք բանալու, և եթե ես զձեզ առաջուց ճանչնալու պատիվն ունենայի կը խրատեի ձեզի, որ ասկից երկու ամիս առաջ բանայիք այս դատը, Կարծեմ մեկու մը փոխ ստակ տվիք և հիմա չեք կրնար կոր առնել։

— Ո՛չ։

— Անանկ է նե մեկու մը ապրանք տված եք և ստակը չտար կոր։

— Ո՛չ։

— Անանկ է նե մեկե մը առնելիք ունիք։

— Ընդհակառակն, մեկը ինձմե առնելիք ունի և այս օրերս կուզե կոր։

— Քեզի ստակ տվեր է և կ՝ուզե կո՜ր... ի՜նչ անիրավություն ի՜նչ ցածություն... դատ բանալու եք անոր դեմ։

— Իմ միտքս ալ ան է։

— Եթե պիտի ուզեր ինչո՞ւ տվավ։

— Ահա ես ալ ասոր կը բարկանամ կոր։

— Դուք դատը վաստկած եք։

— Ձեր հաջողակությանը վստահ ըլլալով, ձեր վրա գովեստ-