Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/79

Այս էջը սրբագրված է

ներ լսած ըլլալով, ձեր արժանիքը շատերեն իմացած ըլլալով, կը հուսամ որ...

— Պարտքդ չես տար։ Այս փաստաբանությունը անանկ մեկ բան մէ, որ ինչ ըլլալը ոչ ոք գիտե, նամանավանդ մենք, փաստաբանքս ալ չենք գիտեր, այսուամենայնիվ Պոլսո մեջ մեկը աղեկ փաստաբան ըլլալու համար պետք է միշտ գլուխը բաց բռնե, որովհետև գլուխը բաց բռնելը մեծ ազդեցություն ունի դատերու վրա։

— Աղեկ ա՛, եթե կուզեք գլուխս բաց առնելեն զատ մազերս ալ կածիլեմ։

— Հարկ չկա, կը հուսամ, որ դուք այս դատը կը վաստկիք, եթե առնելիք ունենայիք, դատը կը կորսնցնեիք, բայց քանի որ պարտը ունիք դատին կեսը վաստկածի պես եք։

— Շնորհակալ եմ:

— Այս դատը ես վրաս կառնեմ, միայն թե փաստաբանական ծախսեր կան զորոնք կանխիկ վճարելու եք։

— Ի՞նչ է այդ ծախսը։

— Պզտիկ բան մէ, քսան ղուրուշ աղերսագիր մը գրել տալու, ընդհանրապես առջի անգամ գրված աղերսագիրները աղեկ չգրվելնուն՝ աղերսագրի սրբագրության համար հիսուն ղուրուշ ալ. եղավ յոթանասուն. աղերսագիրը տալու համար տասը ղուրուշ, ոսոխդ դատի հրավիրելու համար մուպաշիրին տրվելիք քսան ղուրուշ ալ. եղավ երեսուն, յոթանասուն ալ հարյուր։ Մուպաշիրը ոսոխդ գտնելու համար սրճարան մը նստելու և սուրճի ծախս՝ հինգ ղուրուշ, տասը ղուրուշ ալ մուպաշիրին աղաչելու համար, որ ոսոխդ փնտրե ու բերե. եղավ տասնհինգ, ութսունհինգ ղուրուշ ալ դատը մտցված օրվան ծախս, եղավ հարյուր. հարյուր ալ կար՝ երկու հարյուր։ Չորս հարյուր ղուրուշ ալ ձեր դատին գտցած օրս գալիք հաճախորդներս կորսնցուցած ըլլալնուս համար վճարելու եք, եղավ վեց հարյուր։ Եթե, Աստված չընե, դատին մեջ բարկանամ ու հիվնդնամ նե բժշկին այցելության ու դեղերուն համար ալ չորս հարյուր ղուրուշ, եղավ հազար։ Դատը վաստկելու ըլլանք նե չորսին մեկ մասը ինձի տրվելուն՝ իբր երաշխավորություն հազար ղուրուշ ալ վճարելու եք, եղավ երկու հազար, քանի մը հարյուր ղուրուշ ալ մեր տունին ծախսին համար կառնենք, վերջապես երկու հազար հինգ հարյուր ղուրուշ կը լմննա։

— Ես այն չափ ստակ չունիմ։