Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/81

Այս էջը սրբագրված է

Վարչությունը խրատ կուտա իրենց։ Ահա այս խնդիրը։

Եթե այս անգամ ալ Վարչությունը խրատով ղրկե պատգամավորությունը, մենք ալ ան ատեն պիտի ստիպվինք ըսել, թե Իզմիրի սահմանադության գործադրիչ կարգեցավ խրատը։

Հուսով ենք, թե չպիտի ստիպվինք այս ըսելու։


ԾԵՐԵՆՑ

Մեր ազգային զանազան խնդիրներով, վեճերով զբաղած ատեննիս, անդիեն մարդ մըն ալ եկեր մեջ մտեր է, խելքովը բան մը կը խոսի, խրատ կուտա, բայց ինչ օգուտ, որ ո՜չ ըսածեն բան մը կը հասկցվի կոր, ոչ գրածեն։ Ուշիմ ընթերցողը մեյ մը մեր սա հոդվածին գագաթը նայի նե անմիջապես պիտի հասկնա, թե Ծերենցին վրա է խնդիրը։

Շատեր մեզի կը հարցնեն, «ճանըմ, ո՞վ է սա Ծերենցը. ի՞նչ կուզե, ըսածներեն բան մը կը հասկնա՞ք կոր», «Ճանըմ, ձգեձեք, Աստվածնիդ կը սիրեք», կը պատասխանենք իրենց. «Ահավասիկ անունը վրան է, ծերին մեկն է», բայց անոնք այսչափով գոհ չեն ըլլար, ինչ ընենք հիմա։

Ծերենցը գեր, այսինքն շիշման էֆենտի մըն է, որ ընդհանրապես գյուղերում միջոցը կը բնակի։ Ավելորդ է ըսել, թե ծեր է. ասիկա ոչ թե անունեն միայն, այլ իր հոդվածներեն ալ կը հասկցվի։ Այս հոդվածներուն նկատմամբ շիտակ գաղափար մը տալու համար պետք է ձմեռվան երկար ու ցուրտ գիշերներուն ըսպասել, ոչ ամառվան այս տաք գիշերները, ո՜չ ալ թահտապիթիները կրնան ասոնց վրա ճիշտ գաղափար մը ընծայել։

Ծերենցի հոդվածներր հավկթաձև ալ չեն․ ուրիշ զարմանալի ձև մը ունին, անոնք ճիշտ հունաց առասպելական գարուն մեջ Կրետեի լաբյուրինթոսին ձևով շինված են, մտնողը անկե չի կըրնար դուրս ելնել, ոչ ալ ելնողը կուզե նորեն ներս մտնել, վասնզի հոն մտնելու համար մոմ վառել, կազ վառել անօգուտ է։

Ծերենցի հոդվածներուն մեջեն ելնելու համար Արիադնեի ճարտարամտությունն ունենալու է, անոր պես նախ և առաջ ախտերն կծիկ առնելու է և լաբյուրինթոսին մեջ, մեղա՜, հոդվածին մեջ պիտի ըսեի, մտնելն առաջ թելին ծայրը ամուր մը հոդվածին ճոթին կապելու է, և եթե ոտվըներդ ու միտքդ չհոգնին կես ճամբան, մինչև հոդվածին վերջը, մեղա՜, լաբյուրինթոսին պիտի ըսեի, քալելու է և ետքը թելին ծայրը բռնելով ելած տեղդ դառնալու, ես մեծ դժվարությամբ։