Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/97

Այս էջը սրբագրված է

փափագած է, միայն սա կա որ, միայն տասներկու երեսփոխական հրավիրելը քիչ մը վնասակար է, որովհետև ժողովուրդը այնպես կը կարծե, թե երեսփոխանությունը տասներկու հոգիե կը բաղկանա և ազդին բոլոր գործերն անոնց ձեռքն է։ Սրբազան Պատրիարքը այս հաշտության ատենաբանությունը Ընդհանուր ժողովին մեջ ընելու էր, եթե երբեք պետք էր հաշտեցնել այն երեսփոխանները , որք չէին կռված։ Եթե իրավ է, որ կան երեսփոխաններ, որք միմիայն իրենց կիրքը գոհ ընելու համար Ընդհանուր ժողովը տակնուվրա կընեն, և ականջնին ժողովրդյան հառաչանքին խփելով միմիայն իրենց կրքին կը բանան, այդ երեսփոխաններուն ես ոչ թե գինի, քացախ անգամ չէի հրամցներ։


Ի՞նչ բանի համար էր ուրեմն այս հաշտությունը։ Կարծյա՞ց համար։ Չէ՛, և չկրնալ ըլլալ, որովհետև նախ, կարծյաց բռնի հաշտությունը խորհելու և խոսելու ազատության դեմ պատերազմ հրատարակել ըսել է. երկրորդ, տասներկու հոգիի հաշտվելովը երեսփոխանությունը ամբողջ հաշտված չըլլար, ինչու որ երեսփոխանությունը տասներկու հոգիե չբաղկանար, հետևապես ով որ այս երկոտասան երեսփոխաններուն հաշտվելեն ամբողջ երեսփոխանաց հաշտվիլը կը հետևցնե, երեսփոխանության տապանագիրը գրած կըլլա։


Ի՞նչ բանի համար էր ուրեմն հաշտությունը։ Երեսփոխանաց ոմանց իրարու մյուգեվիր և այլն ըսած ըլլալնո՞ւն համար։ Ո՛չ, որովհետև ասոր համար տասներկու երեսփոխան հրավիրելու հարկ չկար։


Բայց այդ երեսփոխանները, որ իրարու հետ պագտվեցան նե չհարցուցի՞ն, թե ինչու համար կը պագտվին կոր։ Ինչո՞ւ համար պատճառը չփնտրեցին և իրենց լռությամբը հաստատեցին, որ իրենք միմիայն կիրքերնին հագեցնելու համար կերթային Ընդհանուր ժողովին մեջ նստելու։


Մենք կը հարցնենք պատճառը, ինչպես որ ամեն մարդ կը հարցնե, թե ի՛նչ էր ասոնց կռիվը, երբ մեկն ըսե, թե այս ինչ մարդը այս ինչ մարդուն հետ հաշտվեցավ։


Մենք այս հաշտության մեջ համբույրեն և գինիեն ուրիշ բան մը չտեսանք ընթերցո՛ղ, դուն տեսար նե ըսե ինձի։