Այս էջը սրբագրված է

Ի. Անկարան զբաղվում է քաղաքական գովազդով,

իսկ Երևանը նրան այդ գործում ակտիվորեն օգնում է

/հարցազրույց PanArmenian.net-ին/

«Հայաստանին անհրաժեշտ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, բայց Թուրքիային դրանք կրկնակի են պետք, ուստի ես չեմ հասկանում Հայաստանում Թուրքիայի դեսպանի նշանակման շուրջ ծավալված այս աղմուկը», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմաբան և դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Անկարան զբաղվում է քաղաքական գովազդով, իսկ Երևանը նրան այդ գործում ակտիվորեն օգնում է: «Դիվանագիտական կանոնադրությունը ենթադրում է պետության ղեկավարին տվյալ երկրի դեսպանի հավատարմագրերի պարտադիր հանձնում: Եթե դա չկա, ապա դեսպանը՝ տվյալ դեպքում Թուրքիայի, պարզապես հատուկ հանձնարարությունների գծով դեսպան կլինի, ինչը բոլորովին չի կարող նշանակել երկու երկրների միջև նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Մենք Ստամբուլում Հայաստանի ներկայացուցիչ ունենք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) մեջ, այնպես որ նրան նույնպես կարող ենք համարել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան», – նշել է Պապյանը:

Նա նաև նկատել է, որ պետությունների համար դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հաղորդակցման միջոց է, և ոչ թե՝ նպատակ: «Ընդ որում, հայկական կողմը, չգիտես ինչու, դա առաջնային է համարում՝ “կանաչ լույս” տալով թուրքական նկրտումներին տարածաշրջանում և Եվրոպայում», – ընդգծել է պատմաբանը:

Արա Պապյանի խոսքերով, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը հետախուզելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջը նախապայման է հանդիսանում, որին Հայաստանը չի կարող համաձայնել: «Նման հանձնաժողովին համաձայնելը հավասարազոր է նրան, որ Երևանը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանությունը, ինչն անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում: Այո, լավ կլինի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բայց բոլորը, չգիտես ինչու, մոռանում են, որ սահմանը հենց Անկարան է փակել, և նա էլ պիտի բացի, Երևանն այստեղ կապ չունի», – ասել է Պապյանը: