Այս էջը սրբագրված է

ԻԴ. Բախտորոշ ճամփաբաժանի առջև

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է բախտորոշ ճամափաբաժանի առջև: Առաջիկա ամիսները, գուցեև շաբաթները, մեզ համար կարող են լինել ձեռքբերումների ժամանակաշրջան, սակայն կարող են լինել նաև մեծագույն կորուստների շրջափուլ: Հայ-թուրքական համատեղ մշուշոտ հայտարարությունը մեր պետականության նորագույն շրջանի (1991–2009թթ.) արտաքին քաղաքականության՝ առ այսօր եղած ամենավիճահարույց փաստաթուղթն է:

Խիստ խնդրահարույց է հայտարարության ստորագրման ամսաթիվը, միանգամայն անընդունելի է այն հասարակությանը ներկայացնելու ձևը, և մեծապես կասկածելի են ակնկալվող օգուտները: Ավելին, գործընթացի ոչ ճիշտ զարգացման դեպքում, որը ցավոք սրտի շատ հավանական է թվում, մենք ազգովի կարող ենք հայտնվել պղծված անցյալի, պարապ ներկայի և անապագա հայրենիքի ուրվապատկերի առջև: Առանց չափազանցության՝ մենք պարզապես կարող ենք վերջնականապես դառնալ աշխարհագրական ելուստ և քաղաքական կցորդ: Այդ ճակատագրից խուսափելու միակ ուղին, ինչպես նշել եմ բազմիցս, Հայկական հարցի լիակատար, ամբողջական և արդարացի լուծումն է, այլ ոչ թե ինքնախաբեությամբ համեմված պատրանքը: Եթե թուրքերի կողմից պարբերաբար և հետևողականորեն տարածվող տեղեկություն-նախապայմաններից թեկուզև մեկը ճիշտ լինի, ապա դա կլինի Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնուրույն քաղաքական միավորի, եթե ոչ վերջը, ապա վերջի սկիզբը:

Մի կարևոր դիտողություն ևս: Այս աղմկահարույց գործընթացում խոսքը ոչ թե «հայ-թուրքական սահմանի բացման մասին» է, այլ Ախուրյան–Դողուկապի երկաթուղային և Մարգարա–Իգդիր ցամաքային սահմանային անցակետերի հնարավոր բացման մասին: Ուստի իրերը պետք է կոչել իրենց անուններով, և փաստաթուղթը հստակ պիտի խոսի միմիայն դրանց մասին և երբեք չգործածի «հայ-թուրքական սահման» հասկացությունը: Դա ճիշտ չէ միջազգային իրավունքի տեսանկյունից, դա ճիշտ չէ ՀՀ հեռագնա շահերի տեսանկյունից: Քանի որ, չնայած բարձրագոչ հավակնությանը, բանակցային գործընթացի նպատակն ակնհայտորեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այն է՝ Թուրքիայի և