Այս էջը սրբագրված է

ԻԸ. Հայաստանի բոլոր զիջումներն անշրջելի են, իսկ

Թուրքիայի պարտավորությունները՝ պայմանական

/հարցազրույց Armenia Today-ին – www.armtoday.info /

A.T. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների
կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
արձանագրությունների նախաստորագրումը:
Ա.Պ. Չեմ կարծում, որ արձանագրությունները կարգավորում են
հայ-թուրքական հարաբերությունները: Դրանք պարզապես բավարարում
են թուրքական կողմի նկրտումները, դիմացը Հայաստանին
տալով ապաշրջափակման խոստում, միմիայն՝ խոստում:
Իհարկե արձանագրության մեջ ապաշրջափակումը նրբորեն կոչված է
«համատեղ սահմանի բացում»: Ցավն այն է, որ Հայաստանի բոլոր
զիջումներն անշրջելի են, իսկ Թուրքիայի պարտավորությունները՝
պայմանական: Թուրքիան ցանկացած պահի, ցանկացած պատրվակով
կրկին կարող է փակել սահմանը: Դա չեն անի միանգամից,
այլ կսպասեն հարմար պահի, որ ավելի ցավագին լինի:
Նման հնարավորություն արձանագրությունները տալիս են:
Միջազգային իրավունքի մեջ փաստաթղթերը գործում են ամբողջության
մեջ: Այսինքն՝ փաստաթղթի կետերից մեկի դրժումը
կողմերից մեկի կողմից, մյուսին ազատում է տվյալ փաստաթղթով
ստանձնած պարտավորություններից: Թուրքերը կսպասեն, որ
հայ-վրացական հարաբերություններում առաջանա լարվածություն,
ինչպես նաև թուլանան կայացած տնտեսական կապերը
Վրաստանի ենթակառույցների հետ, ապա կպահանջեն հայկական
զորքերի դուրս բերումն Արցախից: Հայաստանը, բնականաբար,
դա կմերժի: Թուրքիան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության
և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների
զարգացման արձանագրության նախաբանի 6-րդ
կետը, որը նախատեսում է «տարածաշրջանային և միջազգային
վեճերի խաղաղ լուծում», Հայաստանին կմեղադրի այդ կետի
ոտնահարման մեջ, հետևաբար՝ իրեն ազատված տվյալ
փաստաթղթով սահմանը բացելու պարտավորությունից և նորից
կփակի սահմանը: Կարծում եմ, որ դա տեղի կունենա սահմանը
բացելուց 12-18 ամսվա ընթացքում: