Այս էջը սրբագրված է

րաբերություններ հաստատենք, որ բանակցենք մեր ստանալիքի կամ համարժեք հատուցման շուրջ: Երկրորդ կետի շուրջ որոշ հարցեր կան, սակայն, խորքի մեջ, էական առարկություններ չկան. կբացենք սահմանը, կտեսնենք, որ մեր սպասելիքները չեն արդարանում և կհիասթափվենք: Խնդիր չեմ տեսնում, մենք վարժվել ենք հիասթափվելուն:

Հիմա հպանցիկ անդրադառնանք ներկայացված զույգ արձանագրություններին և տեսնենք, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում նախագահի՝ առանց նախապայմանների դրույթը պարունակող հանձնարարականին: Ես դեռ առաջիկայում առիթ կունենամ անդրադառնալու նշյալ փաստաթղթերին և պարբերություն առ պարբերություն բացահայտելու դրանց մեջ առկա ավելի քան մեկ տասնյակ անկապ պարտավորությունները: Անկապ, քանզի դրանք բնավ կապ չունեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և, այսպես կոչված, սահմանի բացման հետ:

Առայժմ անդրադառնամ ընդամենը մի կետի, որի առկայությունն արդեն վկայություն է հանձնարարականը անտեսելու և բավարար է ողջ փաստաթուղթը խոտանելու: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրության 5-րդ կետը բառացիորեն ասում է հետևյալը. «Հաստատելով միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը»:[1]

Մի կողմ թողնելով ընդհանրապես նման օրինական պայմանագրերի առկայության հարցը՝ առայժմ բավարարվեմ շեշտելով, որ վերոհիշյալ պարբերությունը նախապայմանից էլ այն կողմ է: Սա

  1. Ի դեպ ՀՀ ԱԳՆ կողմից ներկայացված արձանագրությունների հայերեն թարգմանությունները սխալաշատ են և խիստ թերի: Վերոհիշյալ պարբերության ԱԳՆ թարգմանությունը հնչում է այսպես. «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Անգլերեն բնագրի տվյալ պարբերությունում չկա վերահաստատելով (reconfirming) բառը: Այդ պարբերությունը սկսում է confirming (հաստատելով) բառով: Անվիճելի է, որ հաստատելը և վերահաստատելը իրավական տարբեր նշանակություններ ունեն: Անգլերենի նույն պարբերության մեջ բացակայում է ընդհանուր սահման (common border) հասկացությունը: Այն խոսում է պարզապես գոյություն ունեցող սահմանի (existing border) մասին: Երբ սահմանը բնութագրում ենք որպես ընդհանուր սահման, ապա դրանով իսկ տվյալ սահմանին տալիս ենք որոշակի օրինականության և կայացվածության երանգ: