Այս էջը սրբագրված է

ԼԳ. Հայոց պետականության գաղափարական հիմքը

Գիշերաշրջիկ զույգ արձանագրությունների քննարկմանը հատկացված քառասունքից արդեն անցել է տասը օրը: Ակնհայտ է, որ «ներքին քննարկումները» չեն ստացվում: Բնական է, որ նման պայմաններում չպիտի ստացվեին: Նման պայմաններում ոչինչ չի ստացվում և ոչինչ էլ չի ստացվի:

Հանգամանքների բերումով ես Վլադիմիր Իլյիչի նման այս քննարկումներին մասնակցում եմ «Նամակներ հեռվից» ձևաչափով: Որոշ թերություններով հանդերձ, սա իր առավելությունն ունի. ես զերծ եմ մնում որևէ կողմի ազդեցությունից և կարող եմ առաջնորդվել միայն իմ՝ տարիների որոնումների արդյունքում ձևավորված համոզմունքներով:

Երկարատև ուսումնասիրությունները և դիվանագիտական փորձն ինձ հանգեցրին հետևյալ եզրակացության. Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին: Բնական հարց կարող է առաջանալ. Իսկ ի՞նչ ասել է հայկական հարց և ի՞նչ է նշանակում դրա լուծումը ներկա փուլում:

Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց՝ այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի: Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:

Պետք է քաջություն ունենալ նայելու դաժան ճշմարտության աչքերին և հստակ գիտակցել. մենք կանգնած ենք այլընտրանքի բացակայության առջև: ՀՀ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր՝ կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով կամ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:

Հենց ա՛յս տեսանկյունից է պետք վերլուծել ներկա գործընթացները և դրանց ընկեցիկ երկվորյակները հանդիսացող զույգ արձանագրությունները: Արդյո՞ք նշյալ արձանագրությունների ստորագրումը նպաստում է հայոց պետականության կենսապահովման գործոնների