Այս էջը սրբագրված է

ԼԵ. Ամեն կլոր բան դեռ ընկույզ չէ կամ

Նորից հայ-թուրքական դիվանագիտական

հարաբերությունների մասին

Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ հայ-թուրքական արձանագրությունները սխալաշատ և թերի փաստաթղթեր են: Ամեն անգամ ընթերցելիս մի նոր թերություն է ի հայտ գալիս:

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տասներորդ կետը նախատեսում է «դիվանագիտական առաքելությունների փոխանակում» (to exchange Diplomatic Missions): Առերես «անշառ» ձևակերպում է: Սակայն մասնագիտական քննությունը ցույց է տալիս, որ այն հղի է հետագա լրջագույն բարդություններով: Սույն ձևակերպումը չի հստակեցնում, թե այդ առաքելությունները ի՞նչ մակարդակի պետք է լինեն: Այս անորոշությունը, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Թուրքիային, de jure հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, de facto դրա արդյունավետությունը մոտեցնել զրոյի: Մենք հո՞ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, որ Երևանի կենտրոնում ծածանվի թուրքական դրոշը: Մենք դա անում ենք, որպեսզի երկու երկրներն ունենան հնարավորություն առկա խնդիրները միմյանց պաշտոնապես ներկայացնելու և դրանց գործնական լուծումներ տալու համար: Արձանագրության մեջ չհստակեցնելով դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը՝ մենք այդ գործընթացն էապես սահմանափակելու հնարավորություն ենք տալիս: Օրինակ, Թուրքիան կարող է «դիվանագիտական առաքելություն» բացել Երևանում և հավատարմատար նշանակել մի երրորդ քարտուղարի: Այս պարագայում մենք Երևանում կունենանք դիվանագիտական փոստի թուրքական ընդունման կետ միայն: Միևնույն ժամանակ Թուրքիան, հավատարմագրելով հայ դիվանագետ/ներ/ի Անկարայում, կարող է մերժել Հայաստանի Հանրապետության դեսպանի հավատարմագրումը, պատճառաբանելով, որ նման բան չի նախատեսված արձանագրությամբ:

Տեսնենք՝ ի՞նչ նախադեպեր ունենք այս հարցում:

Օրինակ, Ուկրաինայի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունը [3 փետրվարի,