Այս էջը սրբագրված է

ԽԵ. Պետականության խորհուրդն ու Հայկական հարցը

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը՝ ազգի կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունն է, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը:

Ըստ այդմ, երբ ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորել վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա՝ որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի, հարատևելու հնարավորությունը: Ընդսմին, Հայկական հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյան սահմանների մասով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությունը վտանգող մարտահրավերները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է՝ ՀՀ և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումը, ինքնանպատակ չէ: ՀՀ՝ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր, կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով կամ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով հայերի՝ որպես մարդկության անբաժանելի և ինքնատիպ հատվածի հարատևման ապահովումը:

Առանց հայկական հարցի լուծման՝ հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ: Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ