ԾԱ. ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարար պրն. Էդ. Նալբանդյանին
Մեծարգո՛ պարոն նախարար,
Ս.թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա չարաբաստիկ զույգ արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես Ձեզ ուղղված հարցերին ի պատասխան Դուք հայտարարել եք հետևյալը. «Վիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից»: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել): Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջում և նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի հեռանալ ԱԺ դահլիճից:
Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի՝ 2 շաբաթ առաջ Երևանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները:
Դուք, ինչպես և պրն. Միհրանյանը, ակնհայտորեն շփոթել եք ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն 2 տարբեր՝ Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների վերաբերյալ հարցերը, հետևաբար, երկուսդ էլ հանգել եք սխալ եզրակացության: Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:
Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցը.
Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 1920թ. ապրիլի 24-27: Այս հարցի շրջանակում Վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը: Ըստ այդմ, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում հղեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու՝ իրարից անկախ խնդրանքով, որ.