Այս էջը սրբագրված է

ԾԲ. ՏԵՂԵԿԱՆՔ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների իրավական կարգավիճակի մասին

Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի (22.02.2007թ.) 2րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը. «Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով»:

Ըստ իս, այս ձևակերպումը շատ ավելի լայն մեկնաբանություն է տվել պայմանագիր հասկացությանը, քան առկա է միջազգային հանրային իրավունքի մեջ (տե՛ս Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիա, հոդված 2): Այսուհանդերձ, քանի որ վերոհիշյալ սահմանումը տարբերվում է, սակայն չի հակասում միջազգային իրավունքին, ապա, առաջնորդվելով դրանով, քննության առարկա դարձնենք Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին ու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:

Ըստ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի վերոհիշյալ սահմանման՝ միջպետական արձանագրությունը միջազգային պայմանագիր է: Ուստի արձանագրության կնքումը «անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջություն է» (հոդված 8, կետ 1): Այսինքն՝ արձանագրության կնքումը կանոնակարգված հաջորդական գործողությունների շղթա է և պահանջում է օրենքով նախատեսված քայլերի անշեղ ու ամբողջական կատարում:

Հայաստանի Հանրապետության վկայակոչյալ օրենքը նախատեսում է պայմանագրերի՝ տվյալ դեպքում խնդրո առարկա արձանագրությունների, նախապատրաստման հետևյալ փուլերը.