Այս էջը սրբագրված է

նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը» (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia): 1927թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր:

Հանրային կառույցների դիրքորոշումը.

ԱՄՆ ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Դրանց ծրագրային հիմնադրույթներն ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի կուսակցությունը) երկու անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով, որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը» («Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia»): Դեմկուսի 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խոսում է ԱՄՆ որպես պետության և Դաշնակից պետությունների «խոստումների և պարտավորությունների» մասին. «Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն»: («We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people»): Հայաստանի Հանրապետությանը տված ԱՄՆ միակ անկատար «խոստումն ու պարտավորությունը» եղել և մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ: