ԾԷ. Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն
նորանոր քաղաքական հակառակորդներ, այլև
բազմաթիվ անձնական թշնամիներ
/հարցազրույց Hetq.am-ին/
Hetq.am – Եթե և Հայաստանի, և Թուրքիայի խորհրդարանները վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, Ձեր գնահատմամբ՝ դա ի՞նչ ազդեցություն և հետևանքներ կունենա Հայաստանի համար՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով:
Ա.Պ. – Ցեղասպանության միջազգային ճանաչումն էական վնասներ կկրի: Ենթահանձնաժողովի գոյությունն ինքնին, անկախ հարցերի քննարկման շրջանակից, դիտարկվելու է որպես փորձ՝ «անաչառ և գիտական» ուսումնասիրության ենթարկելու Հայոց ցեղասպանությունը:
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նրանք, ովքեր ասում են, որ բացասական ազդեցություն կունենա, հարցի գործնական մասնագետներ են և տարիներով զբաղվել են Ցեղասպանության ճանաչման գործընթացով: Նրանք, ովքեր ասում են, որ չի ազդի, մի օր իսկ չեն զբաղվել Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ: Լավագույն դեպքում հոդվածներ են գրել Ցեղասպանության մասին, սակայն երբեք չեն զբաղվել ճանաչման գործընթացով:
Եթե արձանագրությունները վավերացվեն, դրանք կդառնան ՀՀ իրավական համակարգի մաս և կգործեն անմիջականորեն: Այսինքն, որևէ պետական անձ չի կարողանա հիշատակել Հայոց ցեղասպանությունը, որևէ պետական աջակցություն չի կարող լինել Ցեղասպանության ճանաչմանը կամ ուսումնասիրությանը անգամ Հայաստանի ներսում՝ առանց խախտելու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 7-րդ պարբերությունը, որը կողմերի վրա պարտավորություն է դնում «ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն անհարիր քաղաքականությունից»:
Ուզում եմ, որ մի բան հստակ լինի: Մենք Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք: Մեր պահանջն այն է, որ Թուրքիան դադարեցնի միջազգային իրավունքով ՀՀ տարածքի բռնազավթումը: Ինչպես, երբ կիպրոսցիները պահանջում են, որ