Այս էջը սրբագրված է

and Great Britain for the Suppression of the African Slave Trade): ԱՄՆ նախագահը բացատրական նամակով այն ուղարկեց բրիտանացիներին, սակայն վերջիններս մերժեցին ընդունել պայմանագիրը: Ավելի քան մեկուկես դար հետո՝ 1985թ., ԱՄՆ Սենատը որոշակի վերապահումով հավանության արժանացրեց ԱՄՆ և Միացյալ Թագավորության միջև ստորագրված Արտահանձնման հավելյալ պայմանագիրը (UK-US Supplementary Extradition Treaty): ԱՄՆ կառավարությունը բրիտանական կողմին համապատասխան նոտայով տեղեկացրեց Սենատի վերապահումների մասին և հարցրեց. արդյո՞ք դրանք ընդունելի կլինեն Միացյալ Թագավորության համար: Դրական պատասխան ստանալուց հետո 1986թ. դեկտեմբերին փոխանակվեցին վավերաթղթերը:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ամերիկյան իրավական համակարգը նման է հայաստանյանին, այսինքն՝ օրինապես ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը ներքին օրենսդրության մաս են կազմում ուղղակիորեն և անմիջապես: Եթե ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշումը խնդրո առարկա արձանագրությունների նկատմամբ տվել է որոշակի իրավական դիրքորոշմամբ և հստակ մեկնաբանություններով, այսինքն ասել է, որ արձանագրություններով ստաձնվող պարտավորությունները չեն հակասում ՀՀ սահմանադրությունը միայն որոշակի ընկալման և ըմբռնման պարագայում, ապա դա պիտի ամրագրվի վերապահումների մեջ: Հակառակ պարագայում վավերաթղթերի փոխանակման հետևանքով ամրագրած պարտավորություններն իրենք կլինեն հակասահմանադրական:

Վերապահումների հնարավորությունը նախատեսված է ոչ միայն միջազգային, այլև բազմաթիվ երկրների օրենքներով: ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը (հոդված 95/5) պայմանագրի խորհրդարանական վավերացման ժամանակ նույնպես նախատեսում է վերապահության հնարավորություն: Սակայն, ի տարբերություն միջազգային իրավունքի, որը վերապահման հնարավորությունը տալիս է պետությանը (the State), ապա կանոնակարգ-օրենքը, չգիտես ինչու, այն վերապահում է միայն գործադրին՝ հանրապետության նախագահի ներկայացուցչին: ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը (հոդված 95/5) արձանագրում է. «Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաև հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով»: Նույն կանոնակարգ-օրենքի նախորդ կետը (հոդված 95/4) հստակեցնում է.