Այս էջը սրբագրված է

Հետևաբար, մենք թուրքերի հետ միասին, թեև ոչ նույն չափով, կիսում ենք հայ-թուրքական միջպետական հարաբերությունների սկզբնավորումը (անհեթեթ է, երբ գործածում են հաշտություն կամ նորմալացում բառերը) ձախողելու համար: Մենք ասելով՝ ես նկատի ունեմ, այն պաշտոնյաներին, ովքեր բանակցել և նախաստորագրել են տխրահռչակ արձանագրությունները: Արձանագրություններ, որոնց մեջ ի սկզբանե դրված էին դանդաղ գործող բազմաթիվ ականներ: Մեր քաղաքական սակրավորները իրենց գործը չեն արել, որի հետևանքով մենք չարդարացված վնասներ ենք կրում և կրելու ենք: Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև պետական բոլոր այն պաշտոնյաները, ներառյալ պատգամավորները և, այսպես կոչված, գիտնականները, ովքեր աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից և ի պաշտոնե պարտավոր էին խոսել, մատնացույց անել ականները, սակայն մորթապաշտորեն լռեցին: Պատասխանատու պիտի լինեն բոլորն, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ նպաստեցին այս իրավիճակի առաջացմանը:

Եթե ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ-ի և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը լինի հետաքննել, թե ինչպե՞ս ընդունելի գաղափարը, այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, փչացվեց և ի վերջո հասցվեց մահվան դուռը, ապա դեռ պետություն ենք ու ազգ ենք: Եթե հանձնաժողովը պարզի և մեզ պարզաբանի, թե ինչպե՞ս եղավ, որ չարաբաստիկ արձանագրությունների բանակցային գործընթացն ու նախաստորագրումը տեղի ունեցան գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով, թե ինչպե՞ս արձանագրությունների մեջ տեղ գտան հակասահմանադրական դրույթներ (հիշենք, որ ՍԴ-ը տվեց իրավական դիրքորոշում-մեկնաբանություն և, միայն դա հաշվի առնելով, տվեց իր դրական եզարակացությունը), ուրեմն նախագահն իսկապես նպատակ ունի վիճակը շտկել:

Եթե ոչ, ուրեմն նախագահի հայ-թուրքական արձանագրությունները կասեցնող հրամանագիրը զուտ ձևական բնույթ ունի և հերթական անգամ ճիշտը Չարենցն է.

– Ողջո՛ւյն արխադաշ Ալուն,

– Հաղթանա՛կ գործին Իլյիչի:

23 ապրիլի, 2010թ.