Այս էջը սրբագրված է

ՀԵ. Մի կոծկած դրվագ Աթաթուրքի կյանքից

Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ:
Աւետարան ըստ Յովհաննու, գլուխ Ը (32)

Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները հայ հասարակության մեջ էապես մեծացրել են հետաքրքրությունը մեր հարևան Թուրքիայի նկատմամբ ընդհանրապես և նրա նորագույն պատմության նկատմամբ՝ մասնավորապես: Հաշվի առնելով, որ ներկայիս Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) դերը նույնքան է, որքան անձի պաշտամունքի տարիներին Լենինի և Ստալինի դերը միասին վերցրած, ապա նրա կյանքին վերաբերող ցանկացած դրվագ և այդ դրվագի մեկնաբանումը կամ կոծկումը ձեռք է բերում առանձնակի կարևորություն:

Թեև Աթաթուրքի մասին գրված են հարյուրավոր գրքեր և հազարավոր հոդվածներ, սակայն նրա կյանքի ոչ բոլոր փաստերն են արտացոլված դրանցում: Սա միանգամայն հասկանալի է, քանի որ Քեմալի կյանքի որոշ դրվագների բացահայտումը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել Թուրքիայում:

Այդպիսի դրվագներից է Մուստաֆա Քեմալի խայտառակ գերեվարումը բրիտանացիների կողմից և նրա ինքնասպանության փորձը (1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր): Այս պատմությունը վկայված է ԱՄՆ քաղաքացի Էլիզաբեթ Հարրիսի (Elizabeth Harris) կողմից և հրապարակվել է Նյու Յորք թայմս [The New York Times] հանդեսի կողմից տպագրվող Քարընթ հիսթըրի [Current History, Ժամանակակից պատմություն] հանդեսի 1922թ. նոյեմբերի համարում՝ «Ինչպես Մուստաֆա Քեմալը ձևավորեց իր բանակը» [How Mustapha Kemal Formed His Army] հոդվածի մեջ:

Էլիզաբեթ Հարրիսը 1919թ. փետրվարից 18 ամիս անց է կացրել Կիլիկիայում: Այդ ժամանակ Կիլիկիայում էին գտնվում (մինչև 1919թ. նոյեմբերը) բրիտանական զորամիավորումները: Սրանք հենց այն զորամիավորումներն էին, որ գեներալ Ալլընբիի (Allenby) գլխավորությամբ 1918թ. ազատագրել էին Պաղեստինն ու Սիրիան: Հենց այս զորամիավորումների սպաներից էլ Հարրիսը առաջին անգամ լսել է Մուստաֆա Քեմալի մասին, որոնց մեծ մասը անձնապես է ճանաչել նրան, քանի որ գեներալ Քեմալը, մինչև զինադադարի հաստատումը (Մուդրոսի զինադադար, 30.10.1918թ.) եղել է նրանց ռազմագերին: