Այս էջը սրբագրված է

ՀԶ. Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի

միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վուդրո

Վիլսոնի Իրավարար վճռի ներկա կարգավիճակը

/հայցադիմումի (compromis) իրավական կարգավիճակի լույսի ներքո/

Ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը
Վաշինգտոն է ժամանելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին
մասնակցելու համար, կայցելի Վաշինգտոնի Մայր տաճար և ծաղկեպսակ
կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին:
The Armenian Weekly, 11 ապրիլի, 2010թ.

Վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր ելույթներ եմ ունեցել Հայոց պահանջատիրության իրավական հիմունքների մասին, բնականաբար անդրադարձել դրա առանցքը կազմող Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին (Arbitral award): Այս ելույթներն ինձ հնարավորություն են տվել ոչ միայն հասարակությանն իրազեկել նշյալ հույժ կարևոր հարցի մասին, այլև տրված հարցերի միջոցով վեր հանել հիմնական առարկությունները:

Հաճախ հնչող հարցերից մեկն հետևյալն է. «Ինչպե՞ս կարող է Վիլսոնի իրավարար վճիռը (22.11.1920թ.) իրավազոր (legal) լինել, եթե Սևրի պայմանագիրը (10.08.1920թ.) չի վավերացվել»:

Հարցին պատասխանեմ մի շարք առարկություններով:

1. Միանգամայն սխալ է Իրավարար վճիռը կապել Սևրի պայմանագրի վավերացված կամ չվավերացված լինելու հետ: Նախագահ Վիլսոնը ստանձնել է իրավարարի պարտականությունը ոչ թե Սևրի պայմանագրի հիման վրա, այլ ի պատասխան Փարիզի վեհաժողովի (191920թթ.) Սան Ռեմոյի նիստի (23-27 ապրիլի, 1920թ.) հայցադիմումի (compromis): Նշյալ հայցադիմումը կատարվել է 1920թ. ապրիլի 26-ին, բոլոր Դաշնակից ուժերի անունից հանդես եկող Մեծ եռյակի կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա): Դեռևս Սևրի պայմանագրի ստորագրումից մոտ 3 ամիս առաջ՝ 1920թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է իր դրական պատասխանը և պաշտոնապես ստանձնել է ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի (arbitrator) պարտականություններն ու լիազորությունը:

Սևրի պայմանագրի և Իրավարար վճռի առանձին և անկախ փաստաթղթեր լինելու մասին դեռևս 1926թ. միանշանակորեն գրել է Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-1917թթ.), իրավագետ Ջեյմս Վաթսոն Ջերարդը (James Watson Gerard). «Ընդսմին, ինչ վերաբերում է