Այս էջը սրբագրված է

ՀԸ. Թուրքական հերթական նկրտումների մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջևանի Մեջլիսի
նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան միշտ
հետաքրքրվել է Նախիջևանով: Նա ասել է, թե Կարսի պայմանագիրը
մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի
անվտանգության երաշխավորը: Նախիջևանի անվտանգությունը
Թուրքիայի անվտանգությունն է, հայտարարել է Դավութօղլուն:
Lragir.am 28.04.2010

Սա առաջին դեպքը չէ, երբ մեր հարևան երկրի ԱԳ նախարարն աչքի է ընկնում բացառիկ երևակայությամբ: Նա հաճախ բաներ է տեսնում, որոնք իրականության մեջ չկան: Պնդումը, որ «Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը» դրանց թվից է: Քանի որ Կարսի պայմանագրի (չ)վավերականության և (ան)օրինականության հարցին առիթներ ունեցել եմ անդրադառնալու, այսու անդրադառնամ միայն պնդման 2-րդ մասին. «...Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը»:

Կարսի, այսպես կոչված, պայմանագրի նման մեկնությունը միանգամայն հիմնազուրկ է: Նախ տեսնենք՝ ինչ է ասված Կարսի, այսպես կոչված, պայմանագրի մեջ: Գրում եմ «այսպես կոչված», քանզի այն ընդհանրապես պայմանագիր չէ, որովհետև չի կնքվել միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, այլ գործարք է 2 հրացանավոր-հանցավոր քաղաքական ուժերի՝ բոլշևիզմի և քեմալիզմի, միջև: Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած և իշխանության բռնազավթմանը ձգտող ուժերի Կարսի գործարքն ամրագրող փաստաթղթի 5-րդ հոդվածում գրված է.

«Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»:

Մինչև բուն հարցին անցնելն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հույժ կարևոր հանգամանքի վրա, որ անգամ Կարսի գործարքով Նախիջևանի շրջանը չի հանդիսանում կամ համարվում Ադրբեջանի մաս, այլ միայն գտնվում է Ադրբեջանի «խնամակալության ներքո» (under the protection; под покровительством): Ընդհանրապես, ըստ միջազգային իրավունքի, «պրոտեկտորատը իրավական հարաբերություն է երկու պետությունների միջև»: Այսինքն, դրանք