Այս էջը սրբագրված է

Այստեղ հիշատակված են 2 հայտնի պայմանագրերի՝ ՍանՍտեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի (03.03.1878) և Բեռլինի պայմանագրի (13.07.1878) հայերին վերաբերող հայտնի #16 և #61 հոդվածները, որոնք, ըստ էության, երաշխիքային պարտավորություններ էին՝ հանձնառություններ բարեփոխումների համար: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»: Ի դեպ, ուշադրություն դարձրեք «անհապաղ» բառին, արդյո՞ք դա Ձեզ չի հիշեցնում «ողջամիտ ժամանակահատվածում» բառակապակցությունը: Բեռլինի պայմանագիրը գրեթե նույնպիսի երաշխիքներ է տալիս, սակայն այս անգամ երաշխավոր (guarantor) էին հանդես գալիս արդեն պայմանագիրը կնքած բոլոր պետությունները. «առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ... իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումը»: Այսինքն, վերոհիշյալ պայմանագրերում առկա էր ցանկացած երաշխավորող պայմանագրի (guarantee treaty) առանցքային հարցը՝ երաշխավորման առարկան: Ամփոփելով՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

  1. Թուրքիան չի կարող հանդես գալ որպես Նախիջևանի վարչական միավորի երաշխավոր, քանի որ բացակայում է դրա իրավական հիմքը: Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը նման իրավասությամբ չի օժտում Թուրքիային: Այնտեղ, ընդհանրապես, որևէ ամրագրված պարտավորություն չկա:
  2. Կարսի, այսպես կոչված, պայմանագրով Հայաստանն ու Թուրքիան Նախիջևանի նկատմամբ ունեն նույնական իրավունքներ և պարտավորություններ:
  3. Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը խոսում է Նախիջևանի պրոտեկտորատի մասին, որը 1923թ. ի վեր գոյություն չունի: Ըստ այդմ, եթե մինչևիսկ Թուրքիան իրեն Կարսի բոլշևիկ-քեմալական գործարքով համարում է Նախիջևանի պրոտեկտորատի երաշխավորը, կրկնում ենք՝ առանց հիմքի, ապա Նախիջևանի պրոտեկտորատի լուծարումով, այսինքն Նախիջևանի Ինքնավար ՍՍՀ ստեղծումով և ԽՍՀՄ կազմում պարզ ինքնավարություն դառնալով, ի չիք է դարձել նաև այդ հիմքը: