Այս էջը սրբագրված է

շնորհելու մասին հռչակագիր, որի 2-րդ պարբերությունը հռչակում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք; ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»: Սույն հռչակագիրն ինքնորոշման սկզբունքը համարում է ՄԱԿ-ի կանոնակարգից ածանցվող հանձնառությունների մաս: Ընդ որում, նշյալ հռչակագիրը պարզ հորդոր չէ, այլ կանոնակարգի հեղինակավոր մեկնաբանություն:

Հետագայում ինքնորոշման սկզբունքն իր արտացոլումը գտավ մի շարք միջազգային փաստաթղթերի մեջ: 1966թ. մարդու իրավունքների մասին 2 միջազգայնագիր (կոնվենցիա) մտան ուժի մեջ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Civil and Political Rights) և Տնտեսական, հասարակական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Economic, Social and Cultural Rights): Այս դաշնագրերն ունեն մի ընդհանուր հոդված՝#1, որն ամրագրում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:

Հետագա տարիներին ևս, ըստ Միավորված ազգերի կանոնակարգի պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը (Declaration of Principles of International Law Concerning Friendly Relations and Co-operation among the States in accordance with the Charter of the United Nations) [ՄԱԿ-ի վեհաժողով, բանաձև 2625 (XXV), 1970թ.] հաստատեց այն սկզբունքը, ըստ որի ինքնորոշումը բոլոր ժողովուրդներին վերաբերող իրավունք է, և նրա կենսագործումը պահանջվում է ՄԱԿ-ի կանոնակարգով. «Ըստ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, որը ներառված է Միավորված ազգերի կանոնակարգի մեջ, բոլոր ժողովուրդներն էլ իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը, հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը, և ամեն պետություն, համաձայն կանոնակարգի դրույթների, պարտավոր է հարգել սույն իրավունքը»: