Այս էջը սրբագրված է

դերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանության, հետևաբար բուն եկամուտի, 90%-ի ոչնչացմանը: Բացի այդ, Ալիևը ոչ միայն սեփական ժողովրդի, այլև արտասահմանյան այն բոլոր ընկերությունների առջև է պատասխանատվություն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշյալ ոլորտում և որոնցից շատերը դեռևս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիևի ինչի՞ն է պետք պատերազմը: Բաքվի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը և նույն երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստության իրավական սեփականատերը, պահում է հետին աղքատության մեջ: Մոլագար հայատյացությունը Ալիևին պետք է գողացած իշխանությունը պահելու և գողոնը պահպանելու համար: Քանի որ Ալիևը գող է, որովհետև իշխանության գողն էլ գողն է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետևաբար, պատերազմը խիստ անհավանական համարելով հանդերձ, լիովին այն չեմ բացառում: Լարված իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաև ինքնաբերաբար: Սակայն որպես մտածված քաղաքականություն կարծում եմ, որ Ալիևը միայն մի դեպքում կգնա արկածախնդրության (ուրիշ բառով դա հնարավոր չէ կոչել), երբ Ալիևի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրվի կեղծիքի և խաբեության ճանապարհով հերթական անգամ իշխանությունը զավթելու Ալիևի հնարավորությունը: Այսինքն, Բաքվի էմիրությունում բոլոր քաղաքական զարգացումները պետք է դիտարկել Ալիևների հարստությունը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկյունից: Երբ պատերազմն Իլհամ Ալիևի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն, քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որևէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որևէ մեկից դյուզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիևն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո՛չ հաղթանակով և ո՛չ էլ պարտությամբ: Արևելքում չեն ներում պարտված էմիրներին, միևնույն ժամանակ Արևելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռնակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը:

21 հունիսի, 2010թ.