Այս էջը սրբագրված է

ՁԶ. Ցանկալին՝ իրականի տեղ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Արցախի հակամարտության կարգավորման հայտարարությունը, ասել է հետևյալը. «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարսաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ»: (www.lragir.am, 27.06.2010թ.) Բուն հայտարարության մեջ նման բան չկա: Հայտարարությունը չի հստակեցնում կամարտահայտողների շրջանակը՝ դա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունն է, ներկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե՞ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը:Ընդհանրապես հստակեցված չէ՝ ո՞վ է կամարտահայտողը, գուցե Բաքվի իշխանավորներն են, գուցե իրենց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչներ հայտարարած և Բաքվում ծվարած ինչ-որ մարդկանց գոյություն ունեցող կամ վաղը ստեղծվելիք խումբ: Կարծում եմ, որ նախարարին շփոթության մեջ է գցել ռուսերեն (զուտ աշխատանքային) տարբերակը. “определение будущего, окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения.” Այս պարբերության անգլերեն պաշտոնական տեքստը հետևյալն է “final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will.” Անգլերեն պաշտոնական տարբերակում բացակայում են его населения (նրա բնակչության) բառերը: Այս պարբերության պաշտոնական և ռուսերեն տարբերակների միջև կա ևս մեկ կարևոր տարբերություն: Ռուսերենը խոսում է իրավական կարգավիճակի մասին (определение … правового статуса), մինչդեռ պաշտոնական տեքստում չկա իրավական (legal) բառը:


Տրամաբանորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, ցանկացած տարածքի ճակատագիրը պետք է որոշվի տվյալ տարածքի բնակչության կողմից: Դա է ինքնորոշման բուն էությունը: Եթե ուրիշը պիտի որոշի քո ճակատագիրը, էլ ի՞նչ ինքնորոշում: Սակայն արդյո՞ք շատ տրամաբանություն ենք տեսնում Ադրբեջանի ղեկավարության և, որ ավելի ցավալի է, եռանախագահների քայլերի մեջ: