Այս էջը սրբագրված է

հակադրելու: Մենք պետք է պայքարը տեղափոխենք իրավական դաշտ, այնտեղ, որտեղ ավելի ուժեղ ենք: Պայքարն ընթանում է 4 դաշտում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և իրավական: Ակնհայտորեն առաջին երեքում թույլ ենք: Բայց երբ հարցը իրավական դաշտ տեղափոխվի, Թուրքիան արդեն ստիպված կլինի հակադրվել ոչ միայն Հայաստանին այլև միջազգային հանրությանը: Փաստորեն զինակից ձեռք բերելու իրական շանս կունենանք: Իրավական պայքար մղելու տարբերակները քիչ չեն:

Օրինակ՝ կարելի է ուշադրություն հրավիրել հետևյալին. Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը միջազգային իրավունքի ոտնահարում է: Կա դեպի ծով ելք չունեցող երկրների վերաբերյալ միջազգային կոնվենցիա, ըստ որի, դեպի ծով ելք չունեցող պետության ծովափնյա հարևանը պարտավոր է ազատ տարանցիկության իրավունք տալ այդ երկրին և վերջինիցս գանձել ոչ ավել, քան սեփական երկրի բեռնափոխադրողից: Թուրքիան ու Վրաստանը միացած են այդ կոնվենցիային, իսկ մենք, որքան էլ տարօրինակ է՝ ոչ: Մինչդեռ կարելի է միանալ, այնուհետև Թուրքիայից պահանջել սահմանը բացել, իսկ Վրաստանին էլ ասել՝ եղբայր, դու մեզանից այդքան շատ մի գանձիր, միջազգային կոնվենցիա ես խախտում: Մերժու՞մ են մեզ, դիմում ենք միջազգային դատարան: Բնական է, որ եզրակացությունը պետք է միանշանակ լինի առ այն, որ Թուրքիան ոտնահարում է միջազգային օրենքը, որովհետև նա Հայաստանին պարտավոր է ելք տալ դեպի ծով: Կարող է հարց առաջանալ, թե դատարանի որոշումը թուրքերը կհրաժարվեն կատարել: Բայց այդ դեպքում Թուրքիայի վիճակը կբարդանա. խնդիրը հայ-թուրքական դիմակայությունից արդեն կտեղափոխվի Թուրքիա-միջազգային հանրություն դիմակայության տիրույթ: Բնականաբար դա մեր օգտին է:

Կա միջազգային իրավական փաստաթուղթ՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար որոշումը (1922թ.), ըստ որի, Օսմանյան կայսրության Վանի, Էրզրումի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգի մի մասը տրվել է Հայաստանի Հանրապետությանը: Այդ որոշումն առ այսօր ուժի մեջ է: Հետևաբար միջազգային իրավունքի տեսանկյունից ստացվում է, որ նշված տարածքը Թուրքիայի կողմից օկուպացված ՀՀ-ի տարածքն է: Կա՞ միջազգային իրավունքի ոտնահարում, կա միջազգային դատարան: Պետք է դիմել և վերահաստատել տվյալ իրավարար վճռի վավերականությունը: Ապա դրանից հետո հարցը