Այս էջը սրբագրված է

ՃԵ. Կա՞ արդյոք «տարածքային ամբողջականության

պահպանման» սկզբունք միջազգային իրավունքի մեջ

կամ Ինչպես միշտ՝ ի՞նչ անել

Միանգամից ասենք, որ «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունք միջազգային իրավունքում չկա: ՄԱԿ-ի Կանոնակարգի 2-րդ հոդվածի 4-րդ կետը հռչակում է միմիայն հետևյալը. «[ՄԱԿ-ի] բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված ազգերի նպատակների հետ»: (All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state, or in any other manner inconsistent with the Purposes of the United Nations.) Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» պահպանման, այսինքն՝ պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Ըստ ԱՄՆ արտաքին հարաբերությունների օրենքի հեղինակավոր մեկնաբանության, այն պարզապես դրույթ է ներխուժման դեմ՝ «ուժի գործադրման արգելք» (prohibition of use of force), և սոսկ կոչ է անում ձեռնպահ մնալ «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց» (the use of force by one state to conquer another state or overthrow its government): «Որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ» (against the territorial integrity or political independence of any state) բառակապակցությունը ՄԱԿ Կանոնադրության մեջ է ներառվել որոշ փոքր երկրների խնդրանքով, որպես որոշակի երաշխիք, որ «ուժ չի կարող կիրառվել ավելի ուժեղ երկրների կողմից ավելի թույլ երկրների “տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության” դեմ» (force could not be used by the more powerful states in violation of the “territorial integrity or political independence” of weaker states.) Ակնհայտ է, որ հիշյալ դրույթը հակասության մեջ չէ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հետ և բնավ կապ չունի մտացածին և միջազգային իրավունքի մեջ գոյություն չունեցող, սակայն քաղաքական նպատակներով շահարկվող «տարածքային ամբողջականության պահպանման», այսպես կոչված, սկզբունքի հետ:

Այստեղ կարող է մի օրինավոր հարց առաջանալ՝ ի՞նչ անել: Ի՞նչ անել, երբ միջազգային իրավունքի որևէ հարցի կամ այդ հարցի մեկ-