Այս էջը սրբագրված է

վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:»

Այսինքն, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանազատման հարցերը վերապահված էին Ազգերի լիգային, որն էլ իր որոշումը պիտի խարսխեր ազգաբնակչության տեղաբաշխման տվյալների վրա, այն է «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data): Բնականաբար, այս հարցում կարևորագույն դեր էր վերապահված, այսօրվա բառով ասած, «ադրբեջանահայությանը»: Ցավոք սրտի, այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանը բռնազավթվեցին (օկուպացվեցին) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի. նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո:

Այսուհանդերձ, առ այսօր Ազգերի լիգայի նշյալ որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: Այն, այո՛, չի իրագործվել, սակայն նաև չեղյալ չի հայտարարվել: Հետևաբար, ԽՍՀՄ տրոհումից և հատկապես 18.10.1991թ. Ադրբեջանի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտից հետո, երբ, ինչպես արդեն նշել էինք, ներկայիս Ադրբեջանը դարձավ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը, միակ օրինական փաստաթուղթը մնաց Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի նշյալ որոշումը: Հիշեցնեմ, որ ըստ այդ որոշման սահմանները պիտի որոշվեին «որպես սկզբունք» ընդունելով ազգագրական տվյալները: «Որպես սկզբունք» դարձվածքը նշանակում է, որ Ազգերի լիգան ընդունում էր, որ որոշ վայրերում, բնակչության խիստ խառը բնակեցված լինելու պատճառով, հնարավոր չի լինի որոշել սահմանը և անհրաժեշտություն պիտի առաջանա նաև բնակչության փոխանակման: Ինչպես, օրինակ, հետագայում իրականացվեց Հունաստանի և Թուրքիայի միջև:

Հիմա տեսնենք՝ ինչ ունենք ներկայումս, ինչպես ասվում է՝ գետնի վրա: Ադրբեջանի նախահարձակ պատերազմի հետևանքով ակամայից տեղի է ունեցել բնակչության տարանջատում և ըստ այդմ սահմանների հաստատում ըստ Ազգերի լիգայի առաջ քաշած սկզբունքի: