Այս էջը սրբագրված է

ավելի կարևոր է, պետք է խորանա հաշտեցման ծրագրի իրականացմամբ: ԹՀ իշխանությունները թուրք հասարակության համար պետք է իրականացնեն պատմական իրականությունը բացահայտող քարոզչական և ուսումնակրթական համապարփակ բազմափուլ ծրագրեր:

8. Հայկական հարցի լուծման ձևախեղման վտանգը

Վերջին 50 տարում Հայկական հարցի լուծումն ընթացել է Հայոց ցեղասպանությունն ընդունել տալու ճանապարհով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հայոց պետականազուրկ վիճակով և գոնե որոշակի հաջողություններ գրանցելու ձգտումով: Եթե նման քաղաքականությունը որոշակի վերապահումով կարելի է արդարացնել այն ժամանակների և հնարավորությունների համար, ապա 1991թ. հայոց պետականության վերահաստատումից հետո նման քաղաքական հիմնուղին ժամանակավրեպ է և անարդյունավետ: Նմանապես երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրույթը սոսկ ընդգրկվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ առանց ՀՀ իրավունքների վերականգնման և Օսմանյան կայսրության իրավահաջորդ ԹՀ կողմից տարածքային, նյութական և բարոյական հատուցման զուգորդման, այդպիսի քաղաքականությունն անպտուղ է և մինչևիսկ վտանգավոր: Հարցի նման առաջադրումը ստեղծում է հարցի հնարավոր լուծման պատրանքային վիճակ. այն կլանում է հսկայական մարդկային և նյութական միջոցներ և փոշիացնում է բուն նպատակին հասնելու քաղաքական կամքը: Ներկա փուլում Սփյուռքի քաղաքական բոլոր կառույցների համար հույժ կարևոր է վերաձևակերպել առաջնահերթությունները, վերասահմանել թիրախային նպատակները և, համապատասխանաբար, վերաբաշխել մարդկային ու նյութական միջոցները: Հայկական հարցի անգամ մասնակի լուծումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ընդլայնումը կամ Արցախի հարցի մինչևիսկ կատարելապես հայանպաստ ելքը, էապես չեն փոխելու ՀՀ աշխարհաքաղաքական վիճակը: Հայաստանը մնալու է նույնքան խոցելի և շրջափակելի, գոյատևման և զարգացման համար խիստ սահմանափակ հնարավորություններով: Հետևաբար, ՀՀ համար կենսականորեն անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունը խորապես գիտակցի պետականությանը սպառնացող մարտահրավերները, դրսևորի ինքնախաբկանքի վիհից դուրս գալու քաղաքական կամք և, համապատասխանաբար, իրականացնի այդ վտանգները չեզոքացնելու համար Հայկական հարցի լուծմանը նպատակամղված լուրջ քաղաքականություն: