Այս էջը սրբագրված է

հասնելու պետական նպատակամղվածությամբ, նույնքան էլ բնակչությամբ, տարածքով, տնտեսական և ռազմական հզորությամբ:

Պետության հզորությունը որոշակի ցուցանիշների սոսկական հանրագումար չէ, այլ շոշափելի, նյութական ցուցանիշների բազմապատկումն է՝ նպատակի և նպատակամղվածության գումարի ցուցանիշով: Անկախ տարածքի, բնակչության, տնտեսական և ռազմական հզորությունից, եթե պետությունը չունի նպատակ, հետևաբար և դրան հասնելու կամք, պետության հզորությունը ոչինչ է, քանի որ հայտնի է. ցանկացած թիվ զրոյով բազմապատկելիս արդյունքում զրո է ստացվում:

Այսօր Արցախի հարցը մի շարք առարկայական և ոչ առարկայական պատճառներով համազգային նպատակ չի հանդիսանում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու քաղաքական գործընթացն, ըստ էության, չի կարող լինել համազգային, առավել ևս պետական նպատակ, քանի որ բացակայում է նպատակի հստակ ձևակերպումն ու որևէ էական արդյունքի հասնելու հնարավորությունը: Հետևաբար, ոչ միայն Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին, այլև Հայկական հարցը լուծելու գործընթացն անգամ, այսինքն՝ նման նպատակի առկայությունն ու դրան հասնելու քաղաքական կամքը հայոց պետականության հզորության ամրապնդման անփոխարինելի գործոն է, քանզի Հայրենիքը, որ նպատակ չունի, սոսկ բնակավայր է:

Եզրակացություն

Վերլուծելով վերոշարադրյալը, ինչպես նաև նկատի ունենալով Հայկական հարցի լուծմանը վերաբերող վերոհիշյալ հիմնադրույթները՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը.

– Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:

– Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի: Հայկական հարցը չլուծելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու հարևան երկրների իրավիճակից կամ բարեհաճությունից:

– Հայկական հարցի լուծումը հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունն է և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին: