Այս էջը սրբագրված է

Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը պաշտոնական գրությամբ (8 օգոստոսի, 1924թ.) դիմել է Գլխավոր դաշնակից ուժերի արտաքին գործերի նախարարներին և վերահաստատել հայոց իրավունքներին հավատարիմ մնալը:

Հատուցումների հարցով անհրաժեշտ է առանձնացնել մի կարևոր հանգամանք. ժամանակային գործոնը բնավ հիմք չէ նյութական պարտավորություններից խուսափելու համար: Ֆինլանդիան ԱՄՆ նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմից մնացած իր նյութական պարտավորությունների կատարումն ամբողջացրեց միայն 1969թ., Մեծ Բրիտանիան՝ միայն 1965թ.: Ներկայիս Ռուսաստանը դեռևս խնդիրներ ունի ցարական Ռուսաստանի նյութական պարտավորությունների առումով: Թուրքիայի Հանրապետությունն ինքը, չնայած հսկայական զիջումներին, Օսմանյան կայսրության պարտքը կարողացավ փակել միայն 1944թ. հունիսին: «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունն (NYLIC) իր 1875-1915թթ. շահառուների ժառանգներին փոխհատուցման հանձնառության մասին հայտարարեց միայն 2004թ. հունվարին, այն էլ երկարատև դատավարությունից հետո:

Սույն դատավարությունը, թեև անմիջականորեն չի վերաբերում Հայոց ցեղասպանության ընթացքում մեր ընդհանրական նյութական կորուստների փոխհատուցմանը, այնուհանդերձ խիստ կարևոր է: Այն դատական վճռով նմանաբնույթ գործերի համար ամրագրվեց հաշվարկային փոխարժեքը, այն է՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 1 ֆրանսիական ֆրանկը ներկայումս հավասար է 2.17 ԱՄՆ դոլարի: Այսինքն, դատական նախադեպի կիրառմամբ, մենք կարող ենք հաշվարկել հայության նյութական կորուստների չափը Հայոց ցեղասպանության հետևանքով՝ 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ × 2.17 = 41.514.230.940 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի, կազմում է առնվազն 41 միլիարդ 514 միլիոն 230 հազար 940 ամերիկյան դոլար: