Այս էջը սրբագրված է

Է. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

ժողովուրդների ինքնորոշման և տարածքային

ամբողջականության լույսի ներքո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, ըստ ոմանց, հնարավոր է ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման իբր իրարամերժ դրույթների հաշտեցմամբ: Խոսելով տարածքային ամբողջականության մասին՝ հիմնականում վկայակոչում են 2 փաստաթուղթ՝ ՄԱԿ-ի կանոնակարգը (1945թ.) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության եզրափակիչ ակտը (1975թ.): Քննենք այդ փաստաթղթերը և տեսնենք, թե որքանով են հիմնավորված այդ հղումները:

Ա. Նախ քննենք ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության դրույթներն ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի (Charter of the United Nations)՝ վեր հանելու համար տվյալ փաստաթղթում դրանց վերապահված իրավական բովանդակությունը, հետևաբար՝ դրանց կարևորության աստիճանն ըստ միջազգային իրավունքի: Քննությունն ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի կարևորվում է նաև այն հանգամանքով, որ նշյալ կանոնակարգը գերակայություն ունի մնացած բոլոր միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Սույն հիմնադրույթն ամրագրված է կանոնակարգի 103-րդ հոդվածում և, բնականաբար, ընդունվում է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից:

ՄԱԿ-ի կանոնակարգի առաջին իսկ հոդվածում ամրագրված են այդ կազմակերպության նպատակներն ու սկզբունքները: 1-ին հոդվածի 2-րդ կետն արձանագրում է. «Միավորված ազգերի նպատակներն են. 1. ... 2. զարգացնել ազգերի միջև բարեկամական հարաբերությունները՝ իրավահավասարության սկզբունքի հարգանքի և ժողովուրդների ինքնորոշման հիման վրա, ինչպես նաև ձեռնարկել այլ համապատասխան քայլեր ամրապնդելու համար համընդհանուր խաղաղությունը»:

Վերոշարադրյալից հստակ է, որ ՄԱԿ-ը ժողովուրդների ինքորոշումը (շեշտում եմ՝ ինքնորոշումը և ոչ թե պարզապես ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ այդ իրավունքի կենսագործումը) դիտարկում է ոչ միայն որպես իր հիմնարար սկզբունքներից մեկը, այլև հիմք ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համընդհանուր խաղաղության ամրապնդ-